Հասարակություն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։

Ոստիկաններն ու պարեկները տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմաններում տղամարդը իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։