Վերլուծություն

1000 հարկատուների հետքերով. բջջային հեռախոսների ներմուծումն ու արտահանումը զգալի աճել են

Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ուշագրավ փոփոխություն կար։ Առաջին տեղում հայտնվել էր «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն, որը վճարել է 19 մլրդ 907 մլն 415 հազար դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ 2022թ.՝ 38-րդը։ Ի դեպ, հազար հարկատուների մեջ 5-րդ տեղում էլ հայտնվել է  «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն՝ «Վեստա» խանութների ցանցը, որը ևս բջջային հեռախոսներ է վաճառում։

Բջջային հեռախոսների առքուվաճառքով զբաղվող ընկերության՝ խոշոր հարկատուների ցուցակը գլխավորելն ինքնին հետաքրքիր է, թեկուզ այն առումով, որ «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն առաջ էր անցել ավանդաբար այդ ցուցակի առաջատար ընկերություններից։ Ի՞նչ է նշանակում այս ամենը. Հայաստանում սկսել են ավելի շատ բջջային հեռախոսներ գնե՞լ, թե՞ պատճառն այլ է։

Radar Armenia-ն այս կապակցությամբ հարցում էր ուղարկել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Հայաստան բջջային հեռախոսների ներմուծման ու արտահանման ծավալների վերաբերյալ։ 

Վիճակագրական պատկերը բավական հետաքրքիր է. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 702.603 հատ, արտահանվել` 591.724 հատ բջջային հեռախոս, այսինքն՝ արտահանվել է ներկված հեռախոսների 84.2 տոկոսը։ Սա ինքնին հետաքրքիր փաստ է, քանի որ ստացվում է՝ հեռախոսների միայն մի փոքր մասն է ներքին շուկայում վաճառքի հանվել։

Համեմատության համար նշենք, որ 2023թ. նույն ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել էր 375.981, և արտահանվել 162.682 հեռախոս։ Այս դեպքում էլ ստացվում է, որ արտահանվել է ներկրվածի 43.2 տոկոսը։ Մինչդեռ  2022թ. այդ թիվը շատ ավելի քիչ է եղել՝ ներմուծվել է 74.546 հեռախոս, արտահանվել 961-ը։

Ինչ վերաբերում է բջջային հեռախոսների՝ տարեկան կտրվածքով ներմուծմանը, ապա 2022թ. համեմատ 2023-ին աճը զգալի է եղել։ Այս դեպքում ևս ներմուծված հեռախոսների մեծ մասն արտահանվել է։

Ըստ ՊԵԿ-ի՝ այս տարի բջջային հեռախոսներ ներկրել է հիմնականում 55 կազմակերպություն, իսկ արտահանմամբ՝ զբաղվել 6-ը։ Բջջային հեռախոսներն արտահանվել են դեպի ՌԴ, Բելառուս, Ուզբեկստան ու Չեխիա։ 

Հեռախոսների ներմուծման աշխարհագրությունը շատ ավելի լայն է՝ Վիետնամ, ԱՄԷ, ՌԴ, Հոնկոնգ, Նիդերլանդներ, Չեխիա, Կորեա, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան և Բելգիա։

Արման Գալոյան