Վերլուծություն

Դիվանագետները քսանհինգամյա մղձավանջից չխրատվեցին. լուծումների փոխարեն կրկին առաջարկում են ստատուս քվոն պահել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման հարթակից հնչող որոշ ելույթներ գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Մի աղջնակ ազգությամբ հայ չհանդիսացողերին կոչ էր անում հեռանալ, որ մնան միայն «հայերով»՝ մոռանալով, որ Հայաստանում նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են բնակվում, որոնք թեև հայ չեն, բայց երկրի քաղաքացի են։ Մի ուրիշն էլ, որ ներկայանում էր քաղաքագետ ու կուսակցապետ, կոչ էր անում անհնարին նպատակներ առաջ քաշել ու գնալ դրանց հետևից։ 

Բայց ոչ պակաս ուշագրավ էր Դիվանագետների համահայկական խորհրդի անունից ԱԳ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի ելույթը։ 

Ներկայացնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քայլերը և շեշտելով, որ այդ առաջարկի հեղինակ դիվանագետները 30 և ավելի տարվա փորձ ունեն, ասաց․ «Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետը աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցություններն են բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով՝ նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը»։ 

Այլ կերպ ասած՝ նա կոչ է անում ստեղծված իրավիճակում գնալ ոչ թե լուծումների, այլ վարել չընդհատվող բանակցություններ, այսինքն, որքան հնարավոր է՝ պահպանել այսօրվա ստատուս քվոն։ Մինչդեռ, դիվանագետները պետք է հակառակը պնդեին՝ խոսելով ոչ թե «չընդհատվող բանակցությունների», այլ լուծումների գնալու անհրաժեշտության մասին, իհարկե, այդ նպատակով վարելով շատ ակտիվ բանակցություններ, նաև՝ պնդել։ 

Բայց չեն անում, քանի որ իրենք էլ, ըստ էության, ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ են։ Ճիշտ այնպես, ինչպես ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունն են սպասարկել 1998թ. պալատական հեղաշրջումից հետո՝ մեղքի իրենց բաժինն ունենալով այսօր ստեղծված իրավիճակին հասնելու հարցում։ Ի վերջո, ի՞նչ տարբերություն ԼՂ խնդրում ստատուս քվոյի պահպանման ու ոչմիթիզականության քաղաքականության, և այսօր նույնը անելու մեջ։ Միակ տարբերությունը, որ այն ժամանակ Հայաստանը դեռ ուներ ռեսուրսներ, որոնք, սակայն, 25 տարվա ընթացքում մաշեցվեցին, և պատերազմից հետո Հայաստանը այլևս շատ ծանր վիճակում է, և ոչ թե բանակցությունների, այլ լուծումների, մասնավորապես, խաղաղություն հաստատելու կարիք ունի։ Այնպես որ, երբ այսօր 1998թ․ պալատական հեղաշրջումից հետո ստատուս քվոյի պահպանման և ոչմիթիզականության այդ քաղաքականությունը սպասարկած դիվանագետները նույն մոտեցումն են առաջ քաշում, այն էլ՝ ԼՂ խնդրում պատուհասած աղետից հետո, մնում է միայն զարմանալ։ 

Եւ սա էլ ունի իր բացատրությունը․ լուծումների գնալ՝ նշանակում է որոշումներ կայացնել (ընդ որում, ակնհայտ է՝ ծանր որոշումներ) և այդ որոշումների համար պատասխանատվություն ստանձնել։ Մինչդեռ, մեզանում կարծես թե չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել որևէ որոշման համար։ Իսկ ստատուս քվոյի պահպանումն ամենահեշտն է, քանի որ որևէ պատասխանատվություն չի պահանջում։

Ընդ որում, եթե մինչև 44-օրյա պատերազմը իրենք իրենց կարող էին կերակրել հեքիաթներով, անտեսել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի դիրքորոշումը՝ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», «Փոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը (առավելագույնը և ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է», և այլն, ապա հիմա պետք է դասեր քաղած լինեին ոչ վաղ անցյալի սխալից, քսանհինգամյա սխալ քաղաքականությունից։

Մի ուշագրավ դրվագ էլ․ իր ելույթում Մելիքյանն անընդհատ հղում է անում ազգային շահերին՝ ասելով․ «Պետք է հստակեցնել ազգային շահերը՝ հավասարակշռելով նոր իրողությունների պայմաններով»։ Մինչդեռ, համաշխարհային դիվանագիտության հայր, կարդինալ Արման Ռիշելյեն դիվանագիտական ասպարեզ ներմուծեց պետական շահ՝ պետական գիտակցություն (ֆրանսերեն՝ Raison d'État), հասկացությունը, որը բացարձակ այլ բան է, քան ազգային շահը, և որը պետք է առաջնային լինի պետական ծառայողների, պետության ղեկավարների, իշխանությունների համար։

Չգիտի՞ հարգարժան դիվանագետն այս նրբությունները, թե՞, այնուամենայնիվ, իմանալով ավելի հեշտ է հասարակության հույզերի հետ խաղալն ու կրկին հանրությանը մոլորեցնելը՝ կերակրելով արդեն 25 տարի շարունակ մատուցած նույն քաղաքական աղբով։

Արման Գալոյան