Հասարակություն

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքների ցանկի վերանայման և այդ հանցանքների քննության քննչական ենթակայության վերաբերյալ:

Քննարկումը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ կոնվենցիա»-ով սահմանված կոռուպցիոն հանցանքներին, որոնք ամբողջովին արտացոլված են ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՏՀԶԿ կողմից Հայաստանի գնահատման 3-րդ և 4-րդ շրջափուլերի արդյունքում տրված գնահատականներին։

Քննարկման արդյունքում՝ առաջարկվել է վերանայել կոռուպցիոն հանցանքների ցանկը և ըստ այդմ` քննչական ենթակայությունը՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ներպետական կարիքները։

Հանդիպման ավարտին որոշվել է իրականացնել բազմակողմ հետազոտություն և շարունակել աշխատանքային քննարկումները՝ բարձրացված հարցերին լուծում տալու համար։
Քննարկմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ներկայացուցիչներ Դատական դեպարտամենտից, Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից։