Radar Զրույց

«Ինչո՞ւ պետք է քաղաքական ուժը քեզ դարձներ թեկնածու, հետո սկսեր քեզ խոչընդոտել». Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Երևանի ավագանու անդամի թեկնածու Սուրեն Գրիգորյանը։ Նա անդրադարձել է սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին, մասնակից ուժերի կողմից իշխանափոխություն իրականացնելու, Արցախը փրկելու վերաբերյալ հայտարարություններին, խոսել վարչական ռեսուրսի կիրառման շուրջ մեղադրանքների, դրանց անհիմն և կեղծ լինելու, ինչպես նաև անցած 5 տարվա արված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։

Նրա դիտարկմամբ՝ ծիծաղելի է, երբ պատգամավորը մանդատը վայր է դնում, գալիս քաղաքային ընտրություններին և ասում՝ եկել եմ Արցախը փրկեմ։ Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն ազնիվ չեն կոալիցիա կազմելու մասին խոսելիս, քանի որ մարդիկ, այդպիսով, իրենց քվե չեն տա։ Անդրադառնալով նախկին քաղաքապետ, այժմ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն հայտարարություններին, թե կառավարությունը չի աջակցել, որպեսզի ավելի շատ աշխատանք արվեր քաղաքում, Գրիգորյանն արձանագրում է. «Ինչու պետք է քաղաքական ուժը քեզ դարձներ թեկնածու, հետո սկսեր քեզ խոչընդոտել։ Ինչ–որ մեկը մտածում է, որ եթե 2018-ին Հայկ Մարությանը չլիներ մեր թեկնածուն, «Իմ քայլը» չէ՞ր հաղթելու»։

Ավագանու անդամի թեկնածուն վստահեցնում է՝ եթե ՔՊ-ն հաղթի, Երևանում աշխատանքի տեմպն ավելանալու է։ Իսկ վարչական ռեսուրսի կիրառման, քարոզարշավը մեկ տարի շուտ սկսելու վերաբերյալ մեղադրանքներին ի պատասխան Գրիգորյանն ասաց՝ ո՞վ էր խանգարում, որ Մարությանը, Թանդիլյանը, Թևանյանը գնային, մարդկանց հետ հանդիպեին․ «Անգյալություն եք արել, չեք գնացել՝ մարդկանց հետ հանդիպել, հիմա ասում եք՝ ինչու են գնացել, հանդիպել։ Եթե «Իմ քայլը» խմբակցությանը բավարարեր ծրագրերի իրականացման տեմպը, քաղաքապետին անվստահություն չէինք հայտնի։ Նրան անվստահություն հայտնելը պայմանավորված է եղել նրանով, որ քաղաքապետի և ավագանու միջև կապը խզվել էր»։

Մանրամասները՝ տեսանյութում