Վերլուծություն

Ղազախստանը՝ ներքաղաքական նոր վերաբաժանման առաջ. Նազարբաևի կարգավիճակը

Այս շաբաթ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց Ղազախստանում սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին։ Մինչ այդ, հայտնի դարձավ, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` որպես Ղազախստանի հիմնադիր նախագահի կարգավիճակը, կամրագրվի երկրի սահմանադրությամբ։ Այդ մասին շաբաթվա սկզբում հայտնեց Ղազախստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Էրմեկ Աբդրասուլովը։

81-ամյա Նազարբաևը, որն այս կամ այն կերպ, առանց ընդհատումների, իշխել է շուրջ 36 տարի՝ 1984-2020թթ., հիմա թեև հեռացված է ֆորմալ իշխանությունից, սակայն պահպանում է մինչև այդ՝ 2010թ.-ից, իրեն տրված հատուկ «Ելբասիի» կարգավիճակը։ Բացի այդ, Ղազախստանում գործում է օրենք երկրի առաջին նախագահի մասին, որն, ակնհայտորեն, հատկապես՝ այս տարվա հունվարյան դեպքերի ու Նազարբաևի կլանի անկման ու քաղաքական ասպարեզից հեռացման ֆոնին, բավարար չի թվում Նազարբաևի համար։ Ներկայիս փոփոխությամբ նրա կարգավիճակը նոր սահմանադրության մեջ մտցնելը, կարծես թե, կոմպրոմիս է նրա «հոգեզավակ», գործող նախագահ Տոկաևի ու իր միջև։

Ղազախական քաղաքականության 81-ամյա «պատրիարքին», կարծես, լրջորեն անհանգստացրել են հունվարյան իրադարձություններն ու ուժային բալանսի փոփոխությունը դեպի Տոկաևի կողմը, և «Ելբասին» որոշել է, ապագա հարձակումներից և մեղադրանքներից խուսափելու համար, նոր՝ ավելի ամուր կարգավիճակ ձեռք բերել։ Ակնհայտ է, որ Նազարբաևին «սահմանադրական զրահաբաճկոն» հագցնելը փոխզիջման արդյունք է Ղազախստանի երկրորդ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և նազարբաևների ընտանիքի միջև, որի անդամները, մինչև հունվարյան իրադարձությունները ու, որոշ չափով էլ, ներկայումս, տիրապետում են հսկայական տնտեսական կարողությունների ու ռեսուրսների։ 

Այս տարվա հունվարին՝ ղազախական հուզումների կամ «արյունոտ հունվարի» իրադարձություններից հետո, ավարտվեց նաև «Նազարբաևի ընտանիքի» գերիշխանությունը։ Նազարբաևի կլանի հիմնական պարագլուխները հեռացվեցին բոլոր առանցքային պաշտոններից, Նազարբաևի դուստրը՝ Ղազախստանի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևան, «լքեց» խորհրդարանը և, որոշ տեղեկություններով, այլևս երկրում չէ։ Մեկ այլ բարեկամ՝ Նազարբաևի եղբորորդի, ազգային անվտանգության գեներալ Կայրաթ Սաթիբալդին ձերբակալվեց «պետության անվտանգությունը խաթարելու» մեղադրանքով, մյուս եղբորորդին՝ Սամատ Աբիշը, ազատվեց ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահիի պաշտոնից։

Եթե ՀԱՊԿ զորքերի օգնությամբ, Կրեմլի հովանավորությամբ ու քաղաքական անձրևանոցով հնարավոր եղավ կոտրել քաղաքական ֆրոնդան ու շարքից հանել Նազարբաևի կլանի դիմադրությունը, ապա հարցն ավելի բարդ է տնտեսական ասպարեզում։ Նազարբաևի կառավարման 36 տարիների ընթացքում ընտանեկան կլանի գրպանային օլիգարխները՝ ի դեմս առաջին նախագահի փեսա Թիմուր Կուլիբաևի, ամբողջությամբ մենաշնորհել են բազմամիլիարդանոց ղազախական շուկան ու երկրի բնական հարստությունները։ Հունվարյան իրադարձությունների ֆոնին նրանք կարողացան կոնսոլիդացվել ու այսօր լուրջ ընդդիմություն են ներկայացնում Տոկաևին ու նրա՝ նոր ձևավորվող էլիտային։ Նազարբաևի կարգավիճակի ամրապնդման փորձը հենց այս ներքին ընդդիմության կարգավիճակի ճանաչումն է։

Չպետք է մոռանալ, որ հունվարյան անկարգությունների ժամանակ, հատկապես՝ Ալմա-Աթայի փողոցներում ու հրապարակներում, հնչում էր «Շալ Կեթ» («Ծերուկ, հեռացիր») կարգախոսը, որոնք ուղղակիորեն նազարբաևյան 36-ամյա դիկտատուրայի դեմ էին։ Քանդվում էին Նազարբաևի արձաններն ու կիսանդրիները, նույնիսկ ավերվեց նախագահական պալատը, որը Տոկաևը ավելի ուշ որոշեց չվերականգնել, ինչն էլ յուրատեսակ սիմվոլիկ ժեստ էր առ այն, որ իրերի դրությունն այլևս փոխվել է, և Նազարբաևի ժամանակներն անցել են։ 

Նոր սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունն այն մասին, որ Նազարբաևը հիմնադիր նախագահի կարգավիճակ կստանա, անուղղելի հարված կհասցնի Տոկաևի հեղինակությանը, նրա՝ որպես նոր Ղազախստանի ռեֆորմներ իրականացնողի դիրքավորմանը և լրջորեն կխաթարի նախագահի պաշտոնում վերընտրվելու՝ նրա շանսերը։    

Հարցն այն է, որ անկախ հունվարյան իրադարձություններից, էլիտաներում նոր վերադասավորումներից ու տոկաևյան «ձնհալից»՝ երկրի ներկայիս իշխանությունները հարկադրված են պահպանել Նազարբաևի կերպարը՝ որպես անկախ Ղազախստանի խորհրդանիշ, և այն էլ՝ ռուսական նոր ծավալապաշտության ֆոնին։ Հակառակ դեպքում ժամանակակից ղազախական պետականության ստեղծումը պետք է ձախողված ճանաչվի։ Իսկ դա նշանակում է՝ սասանել ազգային ինքնության հիմքերը, որոնք իրական ժողովրդավարական ինստիտուտների բացակայության պարագայում կարող են անդառնալիորեն քայքայել երկիրը։ Ուրեմն, մնում է միայն հավատն առ այն, որ հիմնադիր նախագահը, եթե ոչ մարմնավորում, ապա՝ անկախության ու ինքնավարության յուրատեսակ սիմուլյակր է ետանկախական Ղազախստանի սերունդների համար։

Ոչ վաղ անցյալում այդպիսի ճանապարհով են անցել դիկտատուրաներ տեսած այլ երկրներ։ Չինաստանում՝ Մաո Ցզե Դունի մահվանից հետո, Մաոյի՝ որպես պետականության խորհրդանիշի կարգավիճակը պահպանեց Դեն Սյաոպինը։ Թեև Դենը Մաո Ցզեդունի անձի պաշտամունքի տապալման հիմնական ջատագովն ու իրականացնող էր, նրա կազմակերպած «մշակութային հեղափոխության» մղձավանջի հիմնական թշնամին, սակայն նույնիսկ Դենը այդպիսի կտրուկ հակասության մեջ չգնաց Մաոյի կարգավիճակի և նրա, որպես պետության հիմնադրի, սիմվոլի հետ։ Դենը նույնիսկ թույլ չտվեց, որ Մաոյի մարմինը, իր կտակի համաձայն՝ դիակիզվի, այլ զմռսել տվեց և դրեց հատուկ կառուցված դամբարանում: Նույնն արեց Իսպանիայի արքա Խուան Կառլոսը՝ հայտնի բռնապետ և նրա հոգեհայր Ֆրանկոյի մահվանից ու ֆրանկիստական դիկտատուրայի փլուզումից հետո։ Մաոն մեծ հարգանք էր տածում Դենի նկատմամբ։ Նազարբաևը նույնպես ջերմորեն է վերաբերվել Տոկաևին։ Հիշենք, որ, որպես նախագահ, նրա առաջին որոշումն էր՝ Աստանան վերանվանել Նուր-Սուլթան։

Սակայն սա էլ, թերևս, ժամանակավոր զիջում է՝ երկիրը հնարավոր ցնցումներից, ու այդ ցնցումներից օգտվել սպասող ուժերից պաշտպանելու, ինչ-ինչ միավորիչ կռվաններ փնտրելու ու երկփեղկված հասարակությունը միավորելու համար։ Լուծում, մինչև կգան նոր սերուդներ և իրենք կորոշեն Նազարբաևի տեղն ու դերը Ղազախստանի պետության ու պատմության մեջ։ 

Գոռ Մադոյան