Հարցազրույց

«2023 թվականը Հայաստանի համար չարդարացված սպասելիքների տարի էր». Դավիթ Ստեփանյան

Radar Armenia-ն 2023թ․–ն ամփոփել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

- Ամփոփելով 2023–ը՝ ինչպիսի՞ տարի էր այն Հայաստանի համար։

- Ընդհանրապես, 2023 թվականը Հայաստանի համար սպասելիքների տարի էր։ Կասեի՝ չարդարացված սպասելիքների։ Մենք այդպես էլ չունեցանք խաղաղություն, և մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ պայմանագիրը չստորագրվեց։ 

-Աշխարհաքաղաքական զարգացումներն ի՞նչ ազդեցություն ունեցան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

- Աշխարհաքաղաքական զարգացումների մասով՝ այն շատ նեգատիվ ազդեցություն ունեցավ։ Ցավոք սրտի, Թուրքիայում ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, չհաղթեց նախագահական ընտրություններում։ Թուրքիան շարունակում է մնալ էրդողանական, շարունակում է պաշտպանել Ադրբեջանին և, առաջին հերթին, ալիևյան ռեժիմը, որն էլ վատ է անդրադառնում տարածաշրջանի և, հատկապես, Հայաստանի վրա։ 

ԱՄՆ-ն, ընդհանուր առմամբ, դրական է ազդում կոնֆլիկտի վրա՝ ճնշում գործադրելով Ալիևի վրա։ Մենք տեսնում ենք, որ այդ ճնշումը հանգել է գերիների վերադարձին, բայց ավելին ստանալ չի հաջողվել։ Նույնն անում է ԵՄ-ը։ Ռուսաստանը շարունակում է դեստրուկտիվ դերակատարում ունենալ։ Փաստացի, Ադրբեջանի դաշնակիցն է և ճնշում է գործադրում Հայաստանի վրա։

- Հաշվի առնելով 2023-ին տեղի ունեցած գործընթացներն ու ՌԴ-ում, ԱՄՆ-ում ու Ադրբեջանում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունները, ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումների ականատես կլինենք 2024-ին։

- Ռուսաստանում ընտրությունները որևէ ազդեցություն չեն ունենա 2024 թվականի վրա, որովհետև ամեն ինչ շատ պարզ է։ Պուտինը վերընտրվելու է։ Հերթական անգամ թվեր են նկարվելու։ Ադրբեջանում էլ փոփոխություն չի լինի, որովհետև Ալիևն այդ արտահերթ ընտրությունը նշանակել է, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը և ժամանակ ձգի։ Երկու ամսվա ընթացքում պարզ կդառնա, թե որքանով դա կհաջողվի Ալիևին։ Շատ կարևոր են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները։ ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրապետականները մտել են նախընտրական պայքարի փուլ, որն, օրինակ, շատ վատ ազդեցություն է ունենում Ուկրաինայի վրա։ Ուկրաինան այդ պատճառով չի կարող ստանալ ԱՄՆ-ից հերթական ֆինանսական օգնության փաթեթը։ Հույս ունեմ, որ ԱՄՆ-ում 2024թ. նոյեմբերին դեմոկրատները կհաղթեն, որպեսզի այն ճնշումը, որն այսօր կա Ադրբեջանի վրա, շարունակական լինի։ Եթե հանրապետականները հաղթեն, կարող է այդ ճնշումը չլինել, որովհետև Թրամփը իզոլյացիոնիզմի քաղաքականության ջատագով է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն մտնում է նախընտրական փուլ, և 2024-ը կլինի նախընտրական տարի, ինչն արդեն մեզ համար վատ է, քանի որ ԱՄՆ-ում այսքան մեծ ուշադրությամբ կարող են չհետևել իրադարձություններին, որը այսօր է։

- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում այս տարի էլ տեղի չունեցավ։ Ի՞նչ զարգացումների սպասենք 2024-ին։

- Իմ կարծիքով՝ 2024-ին խաղաղության պայմանագիրն ունի ստորագրվելու շանսեր՝ մինչև Ադրբեջանում արտահերթ ընտրությունները։ Եթե Ալիևը ստանա հնարավորություն՝ ձգձգել այնքան ժամանակ, որ պայմանագիրը չստորագրվի մինչև փետրվարի 7-ը, և Ադրբեջանում անցկացվեն արտահերթ ընտրություններ, իրավիճակն ավելի է դժվարանալու։ Ընտրություններից հետո նրան բավական քիչ ժամանակ է մնում ձգել՝ մոտ 8 ամիս, մինչև ԱՄՆ-ում լինեն նախագահական ընտրություններ։ Պետք է նշել, որ ԵՄ-ում էլ են լինելու ընտրություններ։ Ընտրվելու է եվրոպական պառլամենտը, և, մեծ հաշվով, Բրյուսելը՝ ԵՄ-ն, եվրոպական բյուրոկրատիան, զբաղված են լինելու այդ ընտրություններով։ Ցավոք, այնպես է ստացվել, որ 2024 թվականն ընտրական տարի է լինելու։ Եվ հավանականությունը բավականին ցածր է, թե Ադրբեջանում ընտրություններից հետո 2024 թվականի ընթացքում հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սպասենք, տեսնենք՝ 50-50 է պայմանագրի ստորագրման հավանականությունն, այդ թվում՝ 2024-ին։

Հայկ Մագոյան