Հարցազրույց

«Ալիևը կամ պատրաստվում է նոր պատերազմի, կամ փորձում է պայմանագիր չստորագրելու համար ժամանակ ձգել»

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

- Ադրբեջանը երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ է անում Երևանին։ Ինչու՞ է Բաքուն ցանկանում առանց միջնորդների աշխատել Հայաստանի հետ։

- Ադրբեջանը փորձում է միջնորդներին դուրս մղել այս խաղից, որովհետև միջնորդները նաև Ադրբեջանի վրա են ճնշումներ գործադրում, որպեսզի Հայաստանի շահերը հաշվի առնվի խաղաղության գործընթացում, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված հայության շահերը։ Իրենք ուզում են ստանալ խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի հարց ընդհանրապես չի լինի և կնետվի պատմության աղբարկղը։ Միայն դրանից հետո են պատրաստ խաղաղության պայմանագիր ստանալ։ Դրա համար Ալիևը խուսափում է նաև արևմտյան հարթակներում բանակցություններից։ Չի մեկնում Վաշինգտոն, Բրյուսել կամ Գրանադա՝ իմանալով, որ այնտեղ իրեն մեծ ճնշումներ են սպասվում այս հարցում։ Այդ իսկ պատճառով էլ ցանկանում է բանակցել միայն ռուսական հարթակներում, որտեղ ճնշումներ չեն լինի։

- Ադրբեջանի նախագահն անակնկալ հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների գնալու մասին։ Ինչու՞ է շտապում Ալիևը, և ո՞րն է այս ընտրությունների իրական նպատակը։

- Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, սա բավականին հետաքրքիր կոմբինացիա էր, նաև՝ անսպասելի։ Իմ կարծիքով՝ տարբերակներից մեկն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր  պատերազմի։ Նախորդ անգամ, երբ 2018 թվականին Ալիևը գնաց արտահերթ նախագահական ընտրությունների, նա ակնհայտորեն պատրաստվում էր նոր պատերազմի Հայաստանի դեմ։ Եվ այդպես, արագացնելով գործընթացները, փորձում էր շատ հանգիստ պայմաններում գնալ ռազմական գործողությունների։ Հիմա էլ չի բացառվում, որ արագացնելով գործընթացը՝ նա պատրաստվում է նոր պատերազմի։ Սա տարբերակներից մեկն է։ Իսկ երկրորդ տարբերակն էլ այն է, որ ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում, որպեսզի Ադրբեջանը շատ արագ Հայաստանի հետ կնքի խաղաղության պայմանագիր։ Չի բացառվում, որ Ալիևը, գնալով նախագահական ընտրությունների, փորձում է ժամանակ ձգել և Հայաստանի հետ չստորագրել խաղաղության համաձայնագիր։

Ադրբեջանում շատ փորձագետներ, պաշտոնյաներ բացահայտորեն նշում են, որ պետք է դիմանալ 1 տարի՝ մինչև ԱՄՆ-ում 2024 թվականի վերջին տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Նրանք հույս են հայտնում, որ նախագահ կընտրվի Թրամփը, և իրենց նկատմամաբ գործադրվող ճնշումները վերանան։ Այսպիսով միգուցե ձգձգում է ժամանակը՝ գնալով նախագահական ընտրությունների։ Ամերիկայի դեմոկրատներն ավանդաբար ավելի կոշտ դիրքորոշում են ունեցել բռնապետական ռեժիմների նկատմամբ․ լինի ՌԴ-ն, Իրանը, թե Թուրքիան։ Հիմա էլ շատ լուրջ ճնշումներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Սրան հակառակ՝ հանրապետականների վարչակազմերը, որպես կանոն, բռնապետական ռեժիմների հետ հաջողությամբ կարողանում են համագործակցել և աչք են փակում այդ երկրներում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վրա։

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի՞նչ զարգացումներ կունենա․ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն կա՞։

- Միշտ թերահավատ եմ եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նախորդ տարի էլ, երբ ասում էին՝ մինչև տարեվերջ հնարավորություն կա ստորագրելու, այս տարի էլ, միշտ ասել եմ, որ չեմ հավատում։ Դրա պատճառները շատ են։ Կարծում եմ, որ չի ստորագրվելու այդ խաղաղության պայմանագիրը։ Այն ձախողվելու է, և որոշ ժամանակ հետո նոր պատերազմի շեմին ենք կանգնելու։ Դրա համար պետք է իրականությանը սթափ աչքերով նայել և պատրաստ լինել հնարավոր բոլոր զարգացումներին։

Հայկ Մագոյան