Հարցազրույց

«Ալիևը շտապում է․ ընտրությունների համար շատ նեղ ժամկետ է ընտրել». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի երեկվա հայտարարությունը․ ի՞նչ էր սա նշանակում, և արդյո՞ք թաքնված վտանգներ կան այստեղ։

- Մի քանի դիտարկում կարող եմ ֆիքսել․ նախ այն, որ հայտարարությունում չի նշվում երրորդ կողմի մասին։ Դա նշանակում է, որ բանակցությունները չեն եղել միջնորդավորված։ Դա չի նշանակում, որ այլ կողմեր չեն հետևել, ճնշել կամ ուղղորդել։ Տեսքն ուղղակի է, սակայն կողմերի ներգրավվածությունը՝ քաջալերելու կամ հունավորելու առումով, քաղաքականորեն ընկալելի է։ Մարդասիրական գործողությամբ է մեկնաբանվում գերիների փոխանակումը, սակայն խիստ քաղաքական համաձայնության առանցք կա՝ COP-ի մասով։ Սա նշանակում է, որ գնում են ուղիղ բանակցություններ նաև այլ հարցերի շուրջ։ Հավաքական Արևմուտքին դուրս մղելու առումով Բաքվի շահերից է բխում ուղիղ բանակցությունների ձևաչափը, այդուհանդերձ, Օ՛Բրայանի՝ Բաքու այցի համընկնումը քաղաքականորեն այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս։

- Ըստ Ձեզ՝ ինչու՞ կողմերը գնացին նման քայլի։

- Գերիների փոխանակումը, կարծում եմ, լինելու էր․ խնդիրը քաղաքական պահի ընտրություն է․ COP-ի մասը, պարզ է․ դերակատարություն ունի։ Կան հարավային Կովկասը կայունացնելու՝ աշխարհաքաղաքական որոշակի միտումներ, ոչ՝ անպայման վերջնական հանգուցալուծումներով, որովհետև այնտեղ դեռևս մրցապայքար է ազդեցության գոտիների կայացման կամ դուրս մղման ուղղություններով։ Իսկ կայունացումը, գուցե, պայմանավորվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջիկա նախագահական ընտրություններով։

- Սա Արևմուտքի ճնշման արդյունքու՞մ է տեղի ունենում, թե՞ ռուսական հետք եք տեսնում, թեև՝ հայտարարության մեջ երկկողմ ձևաչափի մասին է խոսվում։

- Չի բացառվում, որ երկուսն էլ․ անտեսանելի ներգրավվածությունը պարզ է՝ հակառակ ուղիղ ձևաչափին։ Չպետք է շրջանցել Օ՛Բրայանի՝ Բաքու այցի մանրամասները, մանավանդ, Վաշինգտոն-Բաքու դեկլարատիվ լարվածության հանգրվանից հետո։

- Ադրբեջանը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Ինչպե՞ս եք բացատրում Ալիևի այս քայլը։

- Առաջին հայացքից կարող է կապվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ։ Սակայն, կարծում եմ, արտաքին-ներքին ճնշումներով է պայմանավորված։ Բռնատիրական վարչակարգերը չունեն լեգիտիմություն և ժողովրդականություն։ Ներադրբեջանական դաշտը հանգիստ չէ։ Դա ցանկացած պահի կարող է օգտագործվել արտաքին ուժի կողմից։ Սա տեսություն չէ, փաստ է, որն, իբրև մեթոդաբանություն, օգտագործվել է և արդյունավորվել տարբեր երկրներում։ Ալիևը այս բոլոր հանգամանքներով պայմանավորված է շտապում։ Մանավանդ, որ շատ նեղ ժամկետ է ընտրել ընտրությունների գնալու համար։

- Ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումներ կարող են տեղի ունենալ Ադրբեջանում՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ընտրություններից հետո։

- Աշխարհաքաղաքական մրցապայքարը տարածաշրջանում, կարծում եմ, կշարունակվի։ Բացի ԱՄՆ-ից՝ մյուս երկու երկրները կանցկացնեն կանխատեսելի ընտրություններ։ Ադրբեջանում կուժեղանա ռուսական և թուրքական ազդեցությունների մրցապայքարը։ Կգա պահ, որ Ալիևի վարչակարգի համար դժվար կլինի բալանսավորումը։ Կարծում եմ՝ Անկարան որոշակի հակասությունների մեջ կհայտնվի ԱՄՆ-ի հարաբերակցությամբ, չնայած, որ ՌԴ-ի հետ իր հարաբերությունների խորացման սահմանը մինչ այժմ ճշտում է Վաշինգտոնը։ Կարճաժամկետ կտրվածքով՝ չեմ կարծում, թե կլինեն ցնցումային փոփոխություններ ընդհանուր տարածաշրջանային քաղաքականությունից։ Կգրանցվի Իրանի դանդաղ ապամեկուսացում՝ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող շրջափակման քաղաքականության զուգահեռ։

Հայկ Մագոյան