Երևան

37,1 մլն եվրո վարկ՝ Երևանի մանկապարտեզների էներգոարդյունավետության բարձրացման համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր Երևանի էներգոարդյունավետության երկրորդ փուլի ֆինանսական պայմանագրին։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի կարծիքով՝ կարևոր և օգտակար վարկային համաձայնագիր է և լավ ծրագիր․ «Վարկը սուվերեն է։ Այսինքն, վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում։ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած և բանակցած ծրագրի շրջանակում սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երևանի հանրային նշանակության, այս դեպքում՝ ուղիղ տեքստով համայնքային նշանակության շենք-շինությունների, մասնավորապես՝ մանկապարտեզների շենքերի էներգոարդյունավետության բարձրացմանը»։

Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը 37,1 մլն եվրո է․ «Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրո, բանկի կողմից 25 մլն եվրո և, հարևանությամբ, ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը՝ 10,1 մլն եվրո։ Բավական լավ կառուցվածք է պորտֆելի համար․ նկատի ունեմ դրամաշնորհի և վարկի հարաբերակցությունը։ Եթե նույնիսկ Երևանի քաղաքապետարանի ներդրումն էլ գումարենք դրամաշնորհային կոմպոնենտին, որովհետև, վերջին հաշվով, համայնքային գույքի և համայնքային սեփականության վրա ծախսվող ռեսուրս է, այս դեպքում դա կարելի է անել ուղիղ տեքստով։ Կստացվի, որ 50%-ին մոտ համամասնությամբ վարկային և դրամաշնորհային միջոցներ են»,- ասաց Տերտերյանը։

Մանրամասները՝ տեսանյութում