Երևան

«Երևանն այլևս ներկրում է հասուն ծառեր, ինչպես յուրաքանչյուր զարգացած եվրոպական երկիր». Բեգոյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այսօր «Անտառների միջազգային օրն» է։ 

Երևանի քաղաքային տնկարանում ներկայացվել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքներն ու 2024թ.-ին նախատեսվող ծրագրերը: 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: 

ՀՈԱԿ ղեկավար Արմեն Բեգոյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասել է, թե սա 4 հիմնական բարեփոխումներից մեկի բաղադրիչն է. «2022թ. սկսած Երևանը որդեգրել է քաղաքականություն, որ քաղաքի փողոցներում, պուրակներում և այգիներում չեն լինելու մատի հաստությամբ տնկիներ, որ տասնամյակներ շարունակ հարյուր հազարներով տնկվել են ու այդպես էլ ծառեր չեն դարձել։ Երևանն այլևս ներկրում է հասուն ծառեր, ինչպես յուրաքանչյուր զարգացած եվրոպական երկիր»,- նշել է նա։

Բեգոյանը նաև տեղեկացրել է, որ 2022-23թթ․ ընթացքում հաջողվել է շուրջ 35 հա անտառտնկարկներ հիմնել, որոնք էլ հանդիսանալու են Երևանի թոքերը։

Երրրորդ ռեֆորմն էլ ծառերի փոխարինումն է։ Բեգոյանն ասել է, թե արդարացիորեն բողոքում են Երևանի կանաչ զանգվածի քիչ լինելուց, բայց չեն նկատում, որ բազմաթիվ փողոցներում առկա ծառերից մնացած բները ոչինչ չեն անում քաղաքի համար։ Ըստ նրա, թեղիները փոխարինվում են ֆունկցիոնալ առումով արժեքավոր ծառատեսակներով։

Բեգոյանն ասել է, թե միլիարդավոր գումարներ են պետք այս ռեֆորմների համար, և որպես չորրորդ ռեֆորմ՝ քաղաքապետը հանձնարարել է ընդլայնել ջերմոցատնկարանային վարչությունը։