Վերլուծություն

Իսկ միթե՞ տեղի ունեցածը հենց Սերժ Սարգսյանի առաջարկածը չէ

Լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր օրոք ԼՂ խնդրի բանակցային գործընթացին, նաև՝ մանրամասներ պատմել 2016թ. Ստեփանակերտում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումից․

«Նրանք ինձ հարցրին՝ ո՞նց եմ տեսնում, ինչպե՞ս պետք է ավարտվեն այդ բանակցությունները և, ընդհանրապես, ԼՂ ճակատագիրը։ Ասել եմ, որ լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ Իմ ասելիքն այն է, ինչ հրապարակային ասել եմ։ Այն է՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»։

Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է խնդիրը փոխզիջումներով լուծելու կողմնակից լինելու մասին։ Բայց 1998թ. պալատական հեղաշրջումից հետո, Հայաստանի բոլոր ղեկավարների (և՛ Սարգսյանի, և նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի)՝ ժամանակին վարած քաղաքականությունը միանգամայն այլ բանի մասին են վկայում։ 

Որքան էլ նախկին երկու նախագահները հայտարարեն, թե իրենք ԼՂ խնդրի կարգավորման հարցում փոխզիջումների կողմնակից են եղել, իրականությունը միանգամայն այլ է։ Նրանք հետևողականորեն վարել են խնդրի սառեցման, ստատուս-քվոն պահպանելու, հնարավորինս երկարաձգելու քաղաքականություն։ Իհարկե, այդ ընթացքում մասնակցել են բանակցությունների, քննարկել փոխզիջումային տարբերակներ, տվել խոստումներ, բայց այդպես էլ ոչ մի գործնական քայլ չի իրականացվել, այլ միայն ժամանակ են ձգել ու վերջ։

Ու ընդհանրապես, երբ 1998թ. ներպալատական հեղաշրջումից ի վեր Հայաստանում իշխանության ղեկին հայտնված ուժերը քննադատում են ԼՂ խնդրում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, ակամայից ցանկություն է առաջանում պաշտպանել նրան, որովհետև 2018թ. ի վեր Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ԼՂ խնդրում ոչ մի արտառոց բան չի արել։ Եթե մտնենք բանակցային դետալների ու տրամաբանության մեջ, շարունակել է հենց Սերժ Սարգսյանի գիծը։ Անկախ տղայական այս կամ այն ձևակերպումից՝ իրականում ԼՂ հարցով բանակցային օրակարգը շարունակվել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից, և, դատելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում 2018թ. ապրիլի 17-ի և 2024թ. ապրիլի 4-ի հայտարարություններից, նաև բխել են հենց վերջինիս ռազմավարությունից։

2018թ․ սկսած՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե ԼՂ խնդրում փոխզիջումները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը։ 2018թ. մայիսի 9-ին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ 

Այսինքն, ըստ էության Փաշինյանը կրկնել է ճիշտ նույն միտքը, ինչ Սերժ Սարգսյանը։ Եվ դա փաստ է։ Ի՞նչ էր ասում Սերժ Սարգսյանը երեկ. «Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»։ Սա ինչո՞վ է տարբերվում Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ մտքից։ Հետևությունը մեկն է՝ երկուսն էլ համարել են, որ փոխզիջումների դիմաց Ադրբեջանը պետք է ճանաչեր ԼՂ ինքնորոշման իրավունքը։ Բայց մենք էլ գիտենք, չէ՞, որ Ադրբեջանը չի ընդունել դա երբեք՝ իր կազմից դուրս որևէ կարգավիճակով։ Հիմա՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ասածը Փաշինյանն արել է, Ադրբեջանը մերժել է ու պատերազմ սկսել։

Բացի հրապարակային հայտարարություններից, իշխանությունները վարել են ճիշտ նույն քաղաքականությունը, ինչ մատնանշում է Սերժ Սարգսյանը։ Եվ ուրեմն, ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ է դժգոհ Սերժ Սարգսյանը։ Արդյո՞ք դժգոհության պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնացել միջնորդների մոտ և խոստացել տարածքային զիջումներ 6 ամսից, 1 տարուց, 3 տարուց և այլն։ Արդյո՞ք պատճառն այն է, որ երկրի ներսում չի վարվել անզիջողականության քաղաքականություն, իսկ դրսում հանձնելու պատրաստակամություն։ Ճի՞շտ ենք հասկանում ՀՀ երրորդ նախագահին։

Դժախտաբար, Սերժ Սարգսյանի մատնանշած, նրա վարած, հետագայում՝ գործող իշխանության կողմից շարունակված այս քաղաքականությունը ոչ միայն ցանկալի արդյունք չտվեց, այլև, ընդհակառակն, ավարտվեց պատերազմով, պարտությամբ, ապա նաև՝ ԼՂ հայաթափմամբ։ Ու կրկին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը քննադատում գործող իշխանությանը, և քննադատում մի բանի համար, որը նրանք արել են իր իսկ առաջարկած սխեմայի շրջանակներում՝ ինքորոշման իրավունքի ամրագրում 5 շրջանների դիմաց։ 

Այստեղ չափազանց կարևոր մի հանգամանք կա. Սերժ Սարգսյանը 2016 թվականին «Ռոսսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին Ադրբեջանին զիջել 7 շրջան՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց։ Հիմա 5 շրջա՞ն է, թե՞ 7 շրջան։ Միգուցե արժի այս հարցու՞մ էլ կողմնորոշվել։ Այդ ե՞րբ է խոսք գնացել միայն 5 շրջանի մասին, այդ ո՞ր աշխատանքային փաստաթղթով, էլ չենք ասում Մինսկի խմբի համանախագհության համալիր առաջարկով է 5 շրջանը հավասար եղել ինքնորոշման իրավունքի ֆիքսմանը, որ Սերժ Սարգսյանն ասում է։ Գուցե կհրապարակի՞։

Արման Գալոյան