Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցով գտնվում է Վրաստանում: Նա հանդիպել է ունեցել հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի հետ: Նա Բոնոյին տեղեկացրել է Վրաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական նախաձեռնությունների և հաշտեցման քաղաքականության մասին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

«Կողմերը կարևորել են Ժնևում ընթացող բանակցությունները և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ առաջընթացի հասնելը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը», - հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ավելի ուշ ամերիկացի դիվանագետին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին: Հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական Աբխազիայում և Ցխինվալի տարածաշրջանում անվտանգության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև հումանիտար հարցեր: