Տեսակետ

Մեր առաջ, հավանաբար, ոչ միայն մակետ է, այլև՝ անավարտ դիզայնի մակետ. Արեգ Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Պատկերացրեք՝ մտնում եք էլեկտրոնիկայի խանութ և այնտեղ տեսնում պսպղուն մի հեռախոս: Հետաքրքրվում եք` դա իսկակա՞ն հեռախոս է, թե՞ մակետ է ուղղակի: Վաճառողը երդվում է որ իսկական, աշխատող հեռախոս է:  Դուք հետաքրքրվում եք՝ կարելի է՞ մի հատ վերցնել, նայել, թե ինչպես է աշխատում: Վաճառողը ասում է` ոչ, չենք կարող թողնել, որ նայեք: Դուք հարցնում եք` ինչու՞: Որովհետև իր պարունակությունը կոմերցիոն գաղտնիք է․ ասում է նա: Ասում եք՝ լավ, կլինի՞, գոնե, մի հատ հորս զանգեմ, որ համոզվեմ, որ իսկական է, կեղծ չէ: Ոչ, պնդում է վաճառողը, չի կարելի, գաղտնիք է:
Հիմա դուք այս իրավիճակում կգնեի՞ք այդ հեռախոսը:

Վերջերս էլի ՖԲ–ով տարածվում են նկարներ, որտեղ պատկերված են հայկական արտադրության տարատեսակ, իբր աշխատող ԱԹՍ–ներ, զինատեսակներ, և այլն: Հատկապես աչքի է ընկնում «Դավարո» ընկերության ԱԹՍ-նն: Երբ հարցնում ես՝ իրակա՞ն են, թե՞ մակետ, բոլորը քեզ համոզում են, որ իրական է: Ասում ես` լավ, բա ինչու՞ չկա գոնե ՄԵԿ վիդեո, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է սավառնում ԱԹՍ–ն:  Էլ չեմ ասում` որտեղ երևում է, թե ինչպես է այն մարտական պայմաններին մոտիկացված պայմաններում խոցում պայմանական թիրախը: Ուղղակի, որ երևա, որ սա բուտաֆորիա չէ, այլ գոնե թռչում է, կարող է գետնից պոկվել:  
Սրան պատասխանում են` սա պետական գաղտնիք ա, յաա:

Իսկապե՞ս: Այսինքն, ԱԹՍ–ն դնել հասարակական վայրում, որ բոլորը գան, մեծ լուծողականությամբ նկարահանեն, դա պրոբլեմ չէ, իսկ օդում իր աշխատանքը «գաղտնիք է»:
Երբ այսպիսի արդարացումներ եք լսում, երբ չափից ավել հաճախ եք լսում «գաղտնի է, չենք կարա» արդարացումը, ապա ձեր գլխում պետք է միանան bullshit-ի տագնապի շչակները:  

Չեմ ասում, որ հաստատ ձեզ խաբում են: Բայց 80%–ով կարող եք վստահ լինել, որ խաբում են: 
Ներքևը դրել եմ «Դավարո»–ի ԱԹՍ–ի պատկերը, որտեղ երևում է, որ ետևի երկու շասսիների անիվները իրար են ամրացված պանելով: Այսինքն, չեն կարող պահել ԱԹՍ–ի բեռը: Ինչից գալիս ենք եզրակացության, որ մեր առաջ, հավանաբար, ոչ միայն մակետ է, այլև՝ անավարտ դիզայնի մակետ:  

Ցանկացած զինատեսակ, նախքան դրա գովազդումը, պետք է անցնի խստապահանջ տեստավորում: Առանց դրա՝ հանրությանը ներկայացնել այն որպես «աշխատող զենք», մոլորեցնող է և անազնիվ: 

Գուցե ես սխալվում եմ: Բայց հազար ու մի «կռունկներից», «բազեներից», ու փայտփորիկներից հետո մեր գործը կասկածամիտ լինելն է»: