Տեսակետ

«Զուգադիպությու՞ն, թե՞ ձևավորվող ավանդույթ». Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Պարզապես զուգադիպությու՞ն է, թե՞ ձևավորվող ավանդույթ, որ պաշտոնական Երևանը զգայուն թեմաներով հանրային խոսակցություն է խթանում Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լ․ Բոնոյի այցերից հետո:

Այդպես եղավ անկախության հռչակագրի ու սահմանադրության թեմայի հարցում, այդպես է ստացվում «ադրբեջանական գյուղեր» կոչվածի հարցում:

Ինչ խոսք, պետք չէ ընկալել պարզունակ և հասկանալ, թե ամեն ինչ արվում է Բոնոյի համար կամ Բոնոյի պատճառով:

Ընդհանրապես, պետք է ելնել այն մեկնակետից, որ մեզ հետ կատարվող ամեն ինչի պատճառը մենք ենք: Բայց որպեսզի մենք կարողանանք նաև հնարավորինս ճշգրիտ մոտենալ այդ պատճառները հաղթահարելու հնարավորություններին, պետք է նախ կարողանանք մեր շուրջը դիտել հնարավորինս ամբողջական, ոչ թե՝ ըստ մատուցվող տեղեկատվա-քարոզչական նարատիվների:

Օրինակ, մեզանում հարց ձևավորվու՞մ է, թե ինչու է լռում ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ միջնորդական հանդիպումներ կազմակերպած Գերմանիան, երբ Հայաստանի վարչապետը դրանից կարճ ժամանակ անց ասում է, որ «գյուղերը չտալու դեպքում կլինի պատերազմ»:

Իսկ գուցե Գերմա՞նիան ասի՝ խոսե՞լ են այդ թեմայով Մյունխենում և Բեռլինում, թե՞ չեն խոսել: Եթե չեն խոսել, գուցե Գերմանիան զարմանա՞, կապվի, օրինակ, Երևան և Բաքու, հասկանա, թե ինչ է կատարվում․ չէ՞ որ բոլորովին այլ բան են խոսել, այդ ինչու՞ հանկարծ սկսեցին հնչել այդօրինակ ելույթներ և այլն:

Բայց հանրային հարցերի ու հարցադրումների համար պատասխանատու մեր ոչ կառավարական ինստիտուտներից ամեն մեկը իր մոտիվներով ձևավորված համակրանքները «գրկել» ու նստել է, ու համակրանքներից և հակակրանքներից դուրս հարց բարձրացնողներն էլ «....ստրուկներն» են»: