Տեսակետ

Ամբողջ հարցը մեր «շուստրիության և մանիպուլյացիայի» հիբրիդն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարդում եմ Լավրովի հայտարարությունները նոյեմբերի 9-ի, այսպես ասած, 9-րդ կետի՝ կոմունիկացիաների մասին: Այնտեղ չեմ գտնում որևէ արտահայտություն այն մասին, որ ՌԴ-ն պետք է ապահովի Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների անվտանգությունը: Փոխարենը, Լավրովը նշում է, որ այդ 9-րդ կետում գրված է հաղորդակցության նկատմամբ ՌԴ սահմանապահ ծառայության վերահսկողության մասին:

Հետո կարդում եմ Հայաստանից պատասխանները, թե «ոչ մի տեղ գրված չէ, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների անվտանգությունը պետք է ապահովի երրորդ կողմ»:
Իհարկե, դա ոչ մի տեղ գրված չէ: Ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի շարքում ոչ մի տեղ չեք գտնի նաև ռուսների որևէ պարտավորության մասին տող, չեք գտնի տող, որտեղ գրված է՝ «Ռուսաստանը պարտավոր» է կամ «պարտավորվում է», այդ թվում՝ Լաչինի տեղաշարժի ապահովության առնչությամբ: Բայց, Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ չէին զլանում պարբերաբար խոսել Ռուսաստանի պարտավորությունների մասին: 

Սա չեմ ասում ռուսներին արդարացնելու համար: Բազմիցս ասել եմ, Ադրբեջանն ինչ արել է՝ արել է բոլորի, այդ թվում՝ ռուսների հետ պայմանավորվածություններով: Ինչ կառուցվածք է ունեցել յուրաքանչյուրի հետ պայմանավորվածությունը, սա այլ հարց է, բայց ռուսների քաղաքականությունը, ընդ որում՝ ոչ միայն վերջին 3-5, այլ վերջին 10-15 տարիներին, չունի որևէ արդարացում:

Ամբողջ հարցը մեր քաղաքականությունն է, կամ, ավելի շուտ, «շուստրիության և մանիպուլյացիայի» հիբրիդը, որը ոչ միայն ներքին հարցերում է, այլև, փաստորեն, արտաքին: 
Վերագրել, օրինակ, ռուսներին չասված բաներ, հետո «հերոսաբար» հերքել դրանք ներքին լսարանի համար, սա հենց այդօրինակ «քաղաքականության» վառ դրսևորում է, որը գուցե քաղաքական ապահովություն է բերում կառավարող մեծամասնությանը, բայց խորացնում է պետության անապահովության միջավայրը:

Ես կհասկանայի, եթե, օրինակ, ասվեր, որ Երևանը չի քննարկում այլևս 9-րդ կետ, որովհետև գոյություն չունեն մնացյալ բոլոր կետերը․ երբ «կվերականգնվեն» մնացյալ կետերը, նոր կգանք 9-րդի քննարկման: Շատերը կարող են համաձայնել այդ դիրքորոշման ռացիոնալության և արդյունավետության աստիճանին, շատերը՝ ոչ, կարող են լինել տարբեր դիրքորոշումներ ու գնահատականներ, բայց մի բան կլինի աներկբա՝ որ դա կլինի հասկանալի դիրքորոշում: 

Իսկ դիմացինին չասված բաներ վերագրելն ու հետո դրանք քաջաբար հերքելը դիրքորոշում ու քաղաքականություն չէ, այլ, ըստ իս, «շուստրիություն», որը չի կարող ունենալ լուրջ ընկալում որևէ արտաքին կողմում, հետևաբար, չի կարող ապահովել Հայաստանի շահերի լուրջ ու կշռադատված պաշտպանություն: Այդկերպ հնարավոր է ընդամենը «ավանսով» լուծել այդ շահերին սպառնացող ռիսկերի հանդեպ սեփական պատասխանատվությունը լղոզելու նախադրյալներ ու հիմքեր ձևավորելու հարցը»։