Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.33

RUB4.27

Երևան 4 ℃

Рус Eng

Ղարաբաղի հարցում ամենավտանգավորը անտարբերությունն է

Ռետրո

27 Մարտի 2022, 22:51

Radar Armenia-ն ներկայացնում է 1997թ. հոկտեմբերի 24-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված հարցազրույցը այդժամ Երևանի քաղաքապետ և ԱԺ պատգամավորի թեկնածու Վանո Սիրադեղյանի հետ։ 

- Պարոն Սիրադեղյան դուք իշխանության գործադիր օղակներում աշխատելու փորձ ունեք։ Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել նաև օրենսդրական գործունեությամբ։

- Իրոք չունեմ օրենսդիր գործունեության փորձ։ Այն մի տարին, երբ պատգամավոր էի մեր առաջին խորհրդարանում, ավելի շատ կարելի է համարել քաղաքական, քան օրենսդրական գործունեության ժամանակահատված։ Դրանից հետո միայն խորհրդարանը հետզհետե սկսեց զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Հիմա ես սովորում եմ, ցանկանում եմ սովորել այդ գործը, որովհետև լինելով գործադիր իշխանությունում, տեսա, որ օրենսդրական դաշտը վատն է։ Մի բան է դա՝ տեսնել պառլամենտից, բոլորովին այլ բան՝ գործադիր կառույցներից, քանի որ մենք ենք օրենքներն աշխատեցնում, և օրենքներն են աշխատեցնում մեզ։ Եւ հենց այստեղ է, որ պարոզորոշ երևում են օրենքների թերությունները։ Խորապես ափսոսում եմ և իմ բացթողումներից մեկն եմ համարում այն, որ անցած հինգ տարում, լինելով անվտանգության խորհրդի անդամ չեմ հետևել օրենսդրական դաշտի ձևավորման ընթացքին։ Հիմա ես ուզում եմ ուղղել այդ սխալը։

- Շատ է խոսվում այն մասին, որ ԱԺ-ն այլևս սպառել է իրեն, ուստի անհրաժեշտ են վաղաժամկետ ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի պրոֆեսիոնալ խորհրդարան։

- Չի սպառել։ Չարժե խոսել այդ մասին, որովհետև ըստ էության ժամանակ էլ չի մնացել, ընդամենը տարիուկես։ ԱԺ-ն նոր սկսում է աշխատել։ Այսինքն՝ ոչ թե առաջվա պես կառավարության բերած թերմաշ օրինագծերն է վավերացնում, այլ օրենք է քննարկում։ Հիմա ԱԺ-ի աշխատելու իսկական ժամանակն է։

- Վերջերս Դուք հայտարարել եք, թե ցանկանում եք, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան։ ՆԱև ասել եք, թե հակառակ դեպքում խորհրդարանն ինքն իր միջից ընդդիմություն կստեղծի։ Ընդդիմություն՝ ո՞ւմ դեմ։ Այսինքն՝ ո՞վ ում պետք է ընդդիմանա։

- Եթե այնուամենայնիվ, կա բազմակուսակցական համակարգ, սակայն այդ համակարգը դրսում է, հաստարակության մեջ եւ իրեն զգացնել չի տալիս խորհրդարանում, ապա վաղ, թե ուշ այդ բանը պետք է տեղի ունենա։ Կամ ընդդիմությունը պետք է վերադառնա, կամ խորհրդարանի ներսում ինքնաբերաբար կընթանա անջատում եւ ինչ-ինչ ընդդիմադիր խմբերի ձևավորման պրոցես։ Հիմա շատ անբնական վիճակ է։ Խորհրդային ժամանկներում, ինչպես դրսում, այնպես էլ խորհրդարանում կար միայն մեկ կուսակցություն։ Այսօր դրսի և ներսի հակասությունը մեծ է, ուստի՝ օրինաչափորեն նոր խմբակցություններ են ձևավորվում։ Հավանական է, որ այդ նոր խորհրդարանական ընդդիմությունը, որպես ընդդիմություն, ավելի պակաս արդյունավետ կգործի, ինչը բնականաբար կանդրադառնա օրենքների որակի վրա։ Բայց ավելի լավ է ինչ-որ ընդդիմություն, քան ոչ մի ընդդիմություն։ Ես սա առողջ ընթացք եմ համարում և գտնում եմ, որ իշխող խմբավորումը չափազանց մեծաթիվ է, որպեսզի խորհրդարանը կարողանա սթափ ու ինքնաքննադատաբար աշխատել։

- Ընդդիմությանը տրվող Ձեր գնահատականներում Դուք անհամեմատ ավելի զուսպ եք, մինչդեռ քննադատվելուց միևնույն է, չեք խուսափում։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։

- Չգիտեմ, առաջին հայացքից տրամաբանորեն թվում է, թե այդպես չպետք է լիներ։ Ինչո՞ւ եմ զուսպ, որովհետև ընդդիմությանը քննադատողներ առանց այդ էլ շատ կան։ Ավելացնելու բան առանձնապես չկա։ Նրանք հավանաբար, ինչ-որ վտանգ են տեսնում իմ անձի գոյության, պաշտոնավարության մեջ։ Վտանգ իրենց համար, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այսպիսի անտրամաբանական վիճակ ստեղծվեր։ Ես իմ զուսպ լինելու մեջ ինչ-որ իմաստ չեմ դնում, պարզապես չեմ ուզում ընդդիմության ստացածին ևս մի լրացուցիչ բաժին ավելացնել։ Երևի, դեռևս թույլ են նրանք, և թույլին, այնուամենայնիվ, չեմ խփում։

- Ընտրվելով պատգամավոր Հրազդանից, ստացվում է, որ Դուք բացի Երևանից, որոշ իմաստով զբաղվելու եք նաև Հրազդանի խնդիրներով։ Ինչպե՞ս եք համատեղելու։

- Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այնքան, որքան ես կարող եմ անել իմ ուժերի մեկ հարյուրերորդականի չափով, շրջաններից ընտրված պատգամավորներն իրենց տարածքներին դրա կեսի էլ ուշադրություն չեն դարձնում։ Ի վերջո, դրանք տարբեր մեծություններ են, իսկ իմ ամբողջ կյանքը, փաստորեն, նվիրված է Երևանին։

- Ղարաբաղյան թեման վերջերս ծայրահեղ ակտիվացել է։ Հանրապետական մամուլն ու առհասարակ ներքաղաքական դաշտը լի են այդ առնչությամբ հնչող ամենաբազմապիսի, երբեմն տագնապ ազդարարող դատողություններով։ Մասնավորապես, մատնանշվում է կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշումների ակնառու տարբերությունը։ Ձեր գնահատականը։

- Այդ հարցում ոչ մի նոր բան չկա։ Ոչինչ չի փոխվել։ Այդպես էր նաև երեք տարի առաջ։ Այն ժամանակ էլ Ղարաբաղի դիրքորոշումը Հայաստանի դիրքորոշումից տարբերվում է, և դա բնական է։ Ոչ մի տագնապի կարիք չկա։ Ամեն ինչ անցնելու է։ Նախագահի դիրքորոշման մեջ ևս ոչ մի փոփոխություն չկա։ Նախագահն ասում է, որ բանակցությունները շարունակելու բանաձև պետք է գտնենք։ Այդ նույն բանն ասվել է նաև երեք տարի առաջ, երբ ղարաբաղցիները խուսափում էին բանակցությունների սեղանի շուրջ նստելուց։ Այնժամ էլ ասացինք, որ պետք է բանաձև գտնել, և գտանք այդ բանաձևը։ Հասկանալի է, որ Ղարաբաղի դիրքորոշումը պետք է ավելի կոշտ լիներ, քան Հայաստանինը, որովհետև վտանգն անմիջականորեն նրան է առնչվում։ Այդ ամենով հանդերձ, խուճապի առիթ չեմ տեսնում։ Պարզապես, ժամանակ առ ժամանակ հարցը սրվում է կամ, ավելի ճիշտ հարցին էմոցիոնալ երանգներ են հաղորդվում։ Հակառակը՝ անտարբերությունն է, որ առավել վտանգավոր է։

- Եվ վերջին հարցը։ Որքա՞ն եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները։

- Լավ եմ գնահատում։ Հարցման արդյունքներն էլ այդ են վկայում։ Ենթադարություններով չեմ բավարարվում։ Հրազդանում աշխատում է շատ լավ թիմ։ Բազմամարդ, և կարելի է ասել, օրինակելի թիմ։ ՈՒնենում եմ հանդիպումներ։ Հանդիպումները լավ են անցնում, անկաշկանդ մթնոլորտում։ Մի խոսքով, վիճակը լավ է։ Արդյունքը կտեսնենք հոկտեմբերի 26-ին։

 

24 հոկտեմբեր 1997

© «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում