Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.92

EUR431.19

RUB4.28

Երևան 9 ℃

Рус Eng

Արցախյան հարցում փոխզիջման տարբերակը չենք էլ փորձել

Ռետրո

4 Մարտի 2022, 9:33

1990թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի փակ նիստում ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Արցախյան հարցի լուծման երկու տարբերակներից։

Լևոն Տեր-Պետրոսյան, 3 սեպտեմբերի 1990թ., Երևան։ Ելույթն՝ ամբողջությամբ։

 

Արցախի հարցն, արդեն քանիերորդ անգամ եմ կրկնում, ունի երկու լուծում։ Այդ հարցի ուղղությամբ կա երկու ստրատեգիա՝ առճակատման ստրատեգիան և փոխզիջումների ստրատեգիան։ Մինչև հիմա մենք ընթացել ենք առճակատման ստրատեգիայով։ Մեր քաղաքականության մեջ Արցախի հարցում ոչ մի դիվանագիտություն չի եղել, դիվանագիտությունն իսպառ բացակայել է։ Մենք ընտրել ենք առճակատման ստրատեգիան, և, չի կարելի ժխտել, որ այդ ստրատեգիայով մենք հասել ենք լուրջ հաջողությունների։ Որքան էլ մենք չտեսնենք այդ հաջողությունները, նրանք կան։

Առճակատումն, այո՛, բերեց լուրջ հաջողությունների։ Բայց իմ ընդդիմախոսներն ինձ պետք է ապացուցեն, որ առճակատումն այսուհետև էլ կտա դրական արդյունքներ։ Ինչպես ասացի, այս հարցը բազմիցս քննարկել եմ Արցախի՝ այստեղ ներկայացված պատգամավորական խմբի հետ, դրա շուրջ առանձին-առանձին զրուցել եմ Իգոր Մուրադյանի և Հենրիկ Պողոսյանի հետ։ Հարցը քննել ենք բոլոր կողմերից, բայց ոչ ոք չի կարողացել ապացուցել, որ առճակատումն այսուհետև էլ կտա դրական արդյունքներ։ Ոչ ոք չի կարողացել դա ապացուցել։ Ես, իհարկե, ամենևին չեմ բացառում այս ստրատեգիան, որովհետև մինչև հիմա այն ինչ-որ արդյունք տվել է։ Բայց այս ստրատեգիան ընտրելու համար մենք պետք է լուրջ փաստարկներ ունենանք, որ այսուհետև էլ նա կտա դրական արդյունք։ Խորհրդարանում էլ բազմաթիվ առաջարկներ եղան, բայց ոչ մեկը երաշխիք չտվեց, որ այդ առաջարկությունները կհանգեցնեն նման արդյունքի։ Ոչ ոք։

Կա մյուս ճանապարհը՝ փոխզիջումների ճանապարհը։ Մենք դա դեռևս չենք փորձարկել։ Երկուսուկես տարի մենք ընթացել ենք առաջին ուղիով։ Երկրորդն, ինչպես ասացի, դեռեւս չենք փորձարկել։ Բայց մենք իրավունք չունենք միանգամից մի կողմ նետել այն։ Կարող է իսկապես կգա մի ժամանակ, որ դրանից հրաժարվենք։ Բայց դրա համար մենք դա պետք է փորձենք։ Եվ ես ուրախ եմ, որ այստեղ գտնվեցին մարդիկ, որ առաջարկեցին՝ նույնիսկ անվերապահորեն, առանց նախապայմանների, բանակցությունների նստել թե՛ ադրբեջանական կողմի, թե՛ Մոսկվայի, և, եթե պետք է՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի հետ։ Ցանկացածի հետ պետք է բանակցել՝ գոնե մեր հարաբերությունները ճշտելու և դիրքորոշումները պարզելու նպատակով։

Ես ասացի, որ իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, և ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային։ Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին։ Ավելին, ես չեմ բացառում, որ դիվանագիտական նկատառումներով կարելի է նույնիսկ որոշ ժամանակով մորատորիում հայտարարել մեր իսկ ընդունած որոշումների առթիվ։ Նկատի ունեմ դեկտեմբերի 1-ի և հունվարի 9-ի որոշումները։ Մեզ համար այսօր ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության գոյությունն Արցախում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում