Կատար - 2022

Երկրպագուները դժգոհ են. Լեո Մեսսին փորձել է ազատվել քուրդ հայտնի մսագործի հետապնդումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Ֆրանսիա խաղից հետո տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Լիոնել Մեսսին անում ամեն ինչ՝ հայտնի խոհարար և մսագործ, ազգությամբ քուրդ Սոլթ Բաեի հետ հանդիպումից խուսափելու համար։

Տարածված կադրերում երևում է, որ խոհարարը համառորեն փորձում է մոտենալ Մեսսիին՝ ձեռքը դնելով նրա ուսին և ստիպելով նրան սեղմել իր ձեռքը՝ չնայած արգենտինացու ակնհայտ դժկամությանը։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերի առիթով երկրպագուներն իրենց զայրույթն են արտահայտել և կազմակերպիչներին հարց ուղղել, թե ինչու են 39-ամյա Սոլթ Բաեին (իսկական անունը Նուսրեթ Գյոքչե) թույլ տվել խաղադաշտ դուրս գալ:

Երկրպագուները կազմակերպիչների այս որոշումը «աբսուրդ» են համարել և նշել, որ նույնիսկ Մեսսին է փորձել նրանից զգուշանալ։ 

Տարածվող տեսանյութերից մեկում երևում է, որ խոհարարը մոտենում է նաև Արգենտինայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներին, Անխել դի Մարիայի հետ տեսանյութում մատանիով հարվածում գավաթին, ինչը շփոթմունքի մեջ է գցում նաև արգենտինացի հանրահայտ եզրային հարձակվողին։ 

Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնների՝ ընտրված մարդկանց շատ նեղ շրջանակ կարող է դիպչել աշխարհի գավաթին։ Նրանց թվում կարող են լինել հաղթող թիմի անդամները և երկրի ղեկավարները։ Այս դեպքում երկրպագուները դժգոհել են, թե ինչ տրամաբանությամբ է մսագործը ներխուժել դաշտ և անհանգստություն պատճառել որոշ ֆուտբոլիստների։ 

Նշենք, որ Սալթ Բաե մականունը կրող ազգությամբ քուրդ խոհարար Նուսրեթ Գյոքչեն ռեստորանային սննդի կազմակերպիչ է, որը հայտնի է դարձել միսը պատրաստելու և համեմելու յուրահատուկ տեխնիկայով։ Նրա տեսանյութերը համացանցի մեմ են դարձել 2017թ. հունվարին: Նրան է պատկանում «Nusr-Et» սթեյք-հաուսների ցանցը: 2021 թվականի դրությամբ Nusr-Et-ի մասնաճյուղեր կան Թուրքիայում, Հունաստանում, Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում, Միացյալ Էմիրություններում, Կատարում և Սաուդյան Արաբիայում: