Կատար - 2022

Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակչում է

Կատարում ավարտին է մոտենում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Տեղի ունեցավ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որում ուժերը չափեցին Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։ 

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Սա արգենտինացու 5-րդ գոլն էր ընթացիկ մրցաշարում, իսկ ընդհանուր առմամբ՝ 11-րդն աշխարհի առաջնություններում։ 

Րոպեներ անց Արգենտինան նաև կրկնապատկեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, որը երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց։

Արգենտինայի ընտրանին հաղթեց 3։0 հաշվով և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ 

Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին։ Ուժերը կչափեն Մարոկկոյի և Ֆրանսիայի հավաքականները։