Կատար - 2022

Ֆրանսիայի հավաքականն ուժեղ էր Անգլիայի ընտրանուց և կխաղա ԱԱ կիսաեզրափակչում

Լարված, դիտարժան ու դինամիկ պայքարում ընթացավ աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Անգլիա-Ֆրանսիա դիմակայությունը։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին։ Անգլիայի հավաքականի դարպասը գրավեց Օրելիեն Տչուամենին։ Չնայած փոխնիփոխ գրահներին, առաջին խաղակեսում հաշիվը չփոխվեց։ 

Երկրորդ խաղակեսին ևս հանդիպման տեմպը բարձր էր։ 54-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Հարի Քեյնը և դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ 

78-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլն իր ակտիվում գրանցեց Օլիվիե Ժիրուն։ Անգլիայի հավաքականը 84-րդ րոպեին հիանալի հնարավորություն ուներ կրկին հաշիվը հավասարեցնելու և կրկին 11 մետրանոցից, սակայն նորից գնդակին մոտեցած Հարի Քեյնն այս անգամ բարձր հարվածեց և, գործնականում, իր թիմին զրկեց կիսաեզրափակիչ ուղեգրի համար պայքարի հնարավորությունից։ 

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով և շարունակում է պայքարը։ Կիսաեզրափակչում ֆրանսիացիների մրցակիցը Մարոկկոյի հավաքականն է, որն անակնկալ կերպով պայքարից դուրս էր թողել Պորտուգալիայի ընտրանուն։ 

Ֆրանսիա-Մարոկկո կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Դեկտեմբերի 13-ին եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Արգենտինան և Խորվաթիան։