Քաղաքական

Վահան Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման, Սև ծովը Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին կապելու համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: