Վերլուծություն

Նախկին անդառնալի սխալների համար ներողություն խնդրելու փոխարեն Օսկանյանն ամբողջական լիազորություններ է ուզում

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կրկնել է օրերս արած առաջարկը՝ իրեն և մի խումբ դիվանագետների ամբողջական լիազորություն տալու և կողքից չխանգարելու մասին։ Օսկանյանն ասել է, որ այդ ընթացքում լռելու դեպքում ինքը կկարողանա 3 ամսում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների գործընթացում: Միաժամանակ, ԱԳ նախկին նախարաը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ իր պատկերացումները՝ ասելով, թե պետք է ընդլայնել բանակցային օրակարգը։

Օսկանյանի բերած փաստարկներին չենք անդրադառնա։ Թե այսօրվա բանակցային գործընթացում որքանով են ռեալ և իրագործելի դրանք, կարող են պատասխանել այդ գործընթացի անմիջական մասնակիցները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը և այլոք։ 

Վարդան Օսկանյանի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ առումով. «ամբողջական լիազորություններ» է ուզում մի մարդ, ում պաշտոնավարման 10 տարվա ընթացքում Հայաստանը ԼՂ բանակցային գործընթացում կրել է անդառնալի կորուստներ։ 

Ամենախոսուն դրվագը, որի մասին պատմել է Օսկանյանն իր գրքում, 1998թ. հունվարի 8-ի ԱԽ նիստն է, երբ, ի պատասխան նախագահ Տեր-Պետրոսյանի հարցի, թե հնարավո՞ր է երբևէ ստանալ մի փաստաթուղթ, որում հղում կարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Օսկանյանը կարծիք էր հայտնել, թե հնարավոր է, այնուհետ ավելացրել. «Ասել, թե իմ պատասխանը հիմնված էր ինչ-որ վերլուծության վրա, ճիշտ չէր լինի...»։

Ժամանակն իհարկե, ցույց տվեց, որ Վարդան Օսկանյանը չարաչար սխալվել էր որևէ վերլուծության վրա չհիմնված այդ կարծիքը հայտնելիս։ Բայց դժբախտությունը ոչ թե Օսկանյանի սխալմունքն էր, այլ այն հետևանքները, որ այդ սխալն ունեցավ Հայաստանի համար։ Անդառնալի ողբերգական հետևանքները։ Ինքը՝ Օսկանյանն է խոստովանել, որ այդ պատասխանով «որոշվեց» ԱԽ նիստի ելքը և հետագա իրադարձությունների ընթացքը, որը հանգեցրեց պետական հեղաշրջման։ Հայաստանը, 1997թ. փուլային տարբերակից հետո, այդպես էլ չկարողացավ հասնել մի փաստաթղթի, որում հղում կարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակն, բոլոր փաստաթղթերը, որոնցում ամրագրված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ԼՂ կարգավիճակը որոշելու համատեքստում, միաժամանակ նշված է եղել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Եւ ահա, այսքան տարի անց, Վարդան Օսկանյանն այդպես էլ ներողություն չի խնդրել իր սխալի համար։ Գոնե մենք ոչ գրավոր, ոչ բանավոր նման հայտարարության չենք հանդիպել, և ոչ միայն՝ մենք։

Մյուս մեծագույն սխալն արդեն բանակցային գործընթացից ԼՂ-ի դուրսմղումն էր, որն ադրբեջանական կողմի երազանքն էր, և որը «փառահեղ» կերպով իրագործեցին Ռոբերտ Քոչարյանն ու նրա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Իհարկե, այսօր Օսկանյանը կարող է հայտարարել, թե ինքն այդ ամենի հետ կապ չունի, որ դա Ռոբերտ Քոչարյանի միանձնյա որոշումն է եղել։ Սակայն սխալը կատարվել է և բեկումնային ազդեցություն ունեցել ողջ գործընթացի փիլիսոփայության, ավելի ճիշտ՝ այդ փիլիսոփայության աղճատման վրա (թեև՝ դեմ չենք լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ Օսկանյանի ցուցմունքների շարանին ականատես լինելուն)։

Բանակցային գործընթացի հետագա մանրամասների մասին էլ չենք խոսի, որովհետև այդ ամենը հետևանք էր արդեն տեղի ունեցած սխալների։

Ու հիմա զարմանալի է, թե այսքանից հետո ինչպես է Վարդան Օսկանյանը հանդգնում միանձնյա լիազորություններ ուզել, երբ այդ լիազորություններն ունեցած ժամանակ հայկական կողմը ձախողումներ է գրանցել։