Վերլուծություն

Ռուս-ուկրաինական պատերազմն ու Օսմանյան կայսրության դասերը

Հիմա, երբ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարին, երբ ռազմաճակատը որոշակիորեն կայունացել է, իսկ Ուկրաինան Արևմտյան դաշնակիցների աջակցությամբ հակահարձակման փորձեր է անում, թույլ կտանք մեզ պատմա-համեմատական զուգահեռներ և համեմատություններ տանել ներկայիս Ռուսաստանի և 1830թ. Օսմանյան կայսրության միջև՝ նրանց արտաքին քաղաքական կշռի, կայսրության որակական հատկանիշների ու տարածաշրջանում նրանց դերակատարման փոփոխությունների վերաբերյալ։

Օսմանյան Թուրքիային բալկանյան երկու պատերազմ պահանջվեց՝ հասկանալու, որ ինքն այլևս տարածաշրջանային գերտերություն չէ։ Բալկանյան ժողովուրդները՝ հույները, սերբերը և այլք, արյունալի ու անհաշտ պատերազմներով կարողացան «հասկացնել» Օսմանյան Թուրքիային, որ ինքն այլևս նախկին տարածաշրջանային հեգեմոնը չէ, որ իրենք արդեն ունակ են ինքնուրույն պետություն ունենալ, և Օսմանյան տերությունը չի կարող այլևս իրենց ոչ միայն գաղութացված պահել, այլև թելադրել՝ ինչպես իրենք ապրեն։ Ավելին, բալկանյան ժողովուրդներին բոլոր հնարավոր ռեսուրսներով օգնում էր ցարական Ռուսաստանը, որն իր տարածաշրջանային շահերից ելնելով՝ շահագրգռված էր Օսմանիայի թուլացմամբ, Բալկաններում իր ներկայության հաստատմամբ և դրա համար տուրք էր տալիս բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարին։ Հարկ է հիշել, որ նշյալ փուլում Ռուսաստանը, լինելով Օսմանյան տերության պես կայսրություն, տեխնոլոգիապես ու կառավարման բյուրոկրատիայի որակներով քանիցս զարգացած էր օսմաններից։

Բայց տարածաշրջանային բանաձևը երկկողմ չէր։ Տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունեին նաև Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք ընդունում էին, որ Բալկանները կարող է անկախանալ, որ Թուրքիան պետք է լքի այդ ռեգիոնը, բայց նաև թույլ չէին տալիս որ Թուրքիան պարտվելով ընկնի Ռուսաստանից կախվածության մեջ և զիջի նրան իր նախկին տիրույթները։

Նմանապես, եթե զուգահեռներ տանենք, ներկայիս Ռուսաստանը չի կարողանում հաշտվել իր կայսերականության կորստի, արևելյան Եվրոպայի ու Ուկրաինայի կորստի հետ և գնում է պատերազմի՝ փորձելով դե ֆակտո փոխել իշխանությունը Ուկրաինայում և այն վերադարձնել իր ազդեցության տիրույթ։ Առաջին «պատերազմը» կարելի է համարել 2014թ. դեպքերը, իսկ երկրորդը՝ 2021թ․։ Բայց, միաժամանակ, որպեսզի Օսմանյան կայսրությունը (Ռուսաստանը) չընկնի Ռուսաստանի (Չինաստանի) ազդեցության տակ, հարկ էր (է), որ չպարտվի վերջնականապես։ Բայց և, Ռուսաստանը պետք է հրաժարվի իր ուկրաինական հավակնություններից։ Դաշնակիցների համար գերխնդիրը Ռուսաստանի կայսրության զսպումն էր հենց վերաձևավորվող Թուրքիայի միջոցով։ Այդ իսկ ֆորմատով էլ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը դաշնակցեց Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Նմանապես, Արևմուտքի նպատակը Ռուսաստանը Չինաստանի ազդեցության գոտուց դուրս պահելն ու այն կախվածության մեջ չգցելն է, ուստի բոլոր հնարավոր ռեսուրսները չի, որ դրվում են Ռուսաստանին ջախջախելու համար, և թույլ չի տրվում Ուկրաինային՝ ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Այդպիսով տեղ է թողնվում պարտվող Մոսկվային՝ սուբյեկտության պահպանման ու Չինաստանից կախվածության մեջ չհայտնվելու համար։

Շարունակելի...