Վերլուծություն

Մարզական վիճակում մնալու համար հիմա էլ ընդվզման ճակատի մասին են հայտարարում

Օրերս Հայաստանում անցկացվեց ՀՅԴ գերագույն ժողովը, որի արդյունքներով նաև հայտարարություն են ընդունել։ Ըստ այդմ, ընդդիմադիր դաշտը պայքարի նոր ալիք է խոստանում։

ՀՅԴ ԳԺ-ն «ճակատագրական այս հանգրվանում  համահայկական զորաշարժի կոչ» է հնչեցրել, նաև վստահեցրել, որ «ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորմանը»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ մանրամասնել է, թե կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չի կարող ասել, բայց որ ամբողջ ուժով լծվելու են գործին, դա հստակ է։

Նրանց զուգահեռ, «Հայաստան» խմբակցության՝ ՀՅԴ-ից հեռացված պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ մահապարտներ հավաքեագրելու մասին է խոսել․ «Անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»։ 

Ավելի ուշ Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե 200-ից ավել մահապարտների անուններ ունի, իսկ իր անունը մոռացել էր, վերջում կավելացնի։

Կարճ ասած՝ խորհրդարանական ընդդիմությունը կրկին տարերքի մեջ է. խոսում է պայքարի մասին, նույնիսկ «մահապարտների» ցուցակագրում։

Բայց, արի ու տես, նրանց պայքարը հայտարարություններից ու հարցազրույցներից այն կողմ չի անցնում։ Համենայն դեպս, գարունն անցավ, եկավ ամառ, բայց ընդդիմությունն այդպես էլ դուրս չեկավ փողոց։

Մինչդեռ, համազգային ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորման մասին խոսացող ուժը պետք է արդեն արդեն փողոցում լիներ, ոչ թե ԱԺ դահլիճում։ 

Իսկ չեն գնում այդ քայլին, որովհետև իրենք էլ են վստահ՝ վաղուց կորցրել են հասարակության աջակցությունը, լավագույն դեպքում մեկ-երկու հազար մարդ կարող են հանել հրապարակ, և վերջ։

Պատահական չէ, որ խորհրդարանական ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ՝ «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն օրերս հարցազրույցում խոստովանել էր, թե լճացման պրոցես է. «Եթե հանրահավաք անենք, ու դրան մասնակցի 1000-2000 մարդ, դա կլինի հաղթաթուղթ Փաշինյանի ու Ալիևի ձեռքում»։

Դրա համար էլ սեփական օրակարգով խորհրդարան վերադարձած ընդդիմադիրները հիմա իշխանությունների օրակարգն են սպասարկում. մասնակցում են ԱԺ նիստերին, նույնիսկ քվեարկում ներկայացված նախագծերին, աշխատավարձից զատ ոչ միայն պարգևավճար ստանում, այլև պետության հաշվին ակտիվ գործուղումների մեկնում։

Իսկ ընդվզման ճակատ կազմելու, իշխանությունների հասցեին «կապիտուլյանտ ու դավաճան»-«թալանչի» բացականչություններն ընդամենը տեսարան ապահովելու համար են, որպեսզի «մարզավիճակում» մնան ու հասարակությանն էլ իրենց մասին հիշեցնեն, նաև՝ արդարացնելու «սեփական օրակարգի» անվան տակ ԱԺ վերադառնալու, բայց իշխանությունների օրակարգը սպասարկելու՝ իրենց քայլերը։