Վերլուծություն

Ալիևի հետ սինխրո՞ն են աշխատում, թե՞ պլանավորված «պատահականության» հետ գործ ունենք

«Այսօր առավոտյան էլ պարզվեց՝ Հայաստանը տեռորիստական գործողությունների է մասնակցում, Ղրիմի կամուրջ պայթեցնելուն։ Ըստ էության, ոչ թե Հայաստանը մասնակցում է, այլ անուղղակի այդպես է ստացվում, որ Հայաստանի մաքսային տերմինալում չորս օր կարող է լինել բեռ՝ պայթուցիկ, որն օրինական փաստաթղթերով կարող են ձևակերպել և ուղարկել ԵԱՏՄ տարածք»։

Այս խոսքերի հեղինակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէ, ոչ էլ՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը կամ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Այս խոսքերի հեղինակը ՀՀ քաղաքացի է, որը ոչ վաղ անցյալում բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել երկրում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության փոխնախարար։ Խոսքը ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի մասին է։

Եվ հիմա երբեմնի բարձրաստիճան պաշտոնյան ահաբեկչության, ավելի կոնկրետ՝ Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար մեղադրում է Հայաստանին։ Ուշադրություն դարձրեք՝ նա մեղադրում է ոչ թե իշխանություններին, ոչ թե առանձին քաղաքացիների, այլ պետությանը՝ Հայաստանին։ Եվ մեղադրանքը ներկայացնում է որպես վերջնական վճիռ, ապացուցված փաստ, սակայն՝ առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու։

Սովորաբար, բոլորի աչքի առջև տեղի ունեցած ամենասահմռկեցուցիչ հանցագործության հեղինակին անգամ իրավապահները մեղադրանք ներկայացնելիս հանցագործ չեն անվանում, այդ պիտակը որպես վերջնական վճիռ չեն փակցնում։

Մինչդեռ Արտակ Զաքարյանն, ընդհակառակը, մի ամբողջ երկրի լրջագույն մեղադրանք է ներկայացնում՝ այդպիսով Հայաստանը հավասարեցնելով Իսլամական պետությանը, «Հզբոլլահ»-ին, «Ալ Քաիդա»-ին և մնացյալ տեռորիստական կազմակերպություններին։

Եվ ուրեմն, գիտակցո՞ւմ է Արտակ Զաքարյանն իր խոսքերի վտանգավորությունը։ Գիտակցո՞ւմ է նա, թե նման մեղադրանքներով ինչպիսի խաղաքարտեր է նվիրում Ադրբեջանին, որն էլ տարիներ շարունակ միջազգային ասպարեզում ջանում էր Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր երկիր, հիմա էլ խոսում է Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում մի քանի հազար զոհված ադրբեջանցիների անհայտ գերեզմանների ու ականապատ տարածքների մասին։ Գիտակցո՞ւմ է այս հարցերի լրջությունը պարոն Արտակ Զաքարյանը, թե՞ ներքաղաքական պայքարում նա պատրաստ է անցնել բոլոր հնարավոր սահմանները։ Գիտակցո՞ւմ է, որ իր խոսքերը ադրբեջանական քարոզչամեքենան կարող է դրոշակ դարձնել ու Հայաստանի դեմ օգտագործել։ 

Հայտնի խոսք կա՝ քաղաքականությունն անբարոյականություն է։ Ստացվում է՝ ՀՀԿ-ական գործիչն այս արտահայտությունը տառացիորեն է ընդունել ու փորձում է հիմա գործնականում ապացուցել՝ առանց նայելու, թե ում է օգուտ տալիս, միայն թե իշխանություններին հայհոյելու նոր առիթ լինի։

Դժբախտաբար, կարող ենք ենթադրել, որ նախկին պաշտոնյայի հաշվարկը պարզ է՝ օգտվել վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Արևմուտքի ակտիվությունից և Ղրիմի կամուրջի պայթեցումից և նման հայտարարություններով ավելորդ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։

ՀՀ իշխանությունները բավական շատ սխալներ են արել, և դրանց համար արժանի են քննադատությունների։ Սակայն փորձել երկիրը մեղադրել ահաբեկչության մեջ՝ անգամ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ականների մտքով չէր անցել։