Radar Զրույց

«Վտանգավոր հարց եք տալիս. չեմ ներում անազնվությունը». Ժաննա Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia«Radar զրույց» հաղորդաշարի հյուրը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։

Նախարարի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ընտանիքի, ազատ ժամանակի, հոբբիների, աշխատանքային դժվարությունների, քննադատության և պետական կառավարման համակարգում կնոջ դերի կարևորության մասին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սոցիոլոգի մասնագիտությունը և նախարարի պաշտոնը կոնֆլիկտի մեջ չեն։ 

Հարցին՝ ո՞րն է աշխատանքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները ղեկավարող նախարարին առավել սիրելի և հոգեհարազատ մասը, և ո՞ր հատվածում է բարդ աշխատելը, Անդրեասյանն ասաց. «Վտանգավոր հարց եք տալիս. այդ հարցին չի կարելի պատասխանել։ Նույնն է, երբ երեխային հարցնում են՝ մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ»։

Հետաքրքրվեցինք՝ զբաղվածությունն ընտանիքի համար ժամանակ թողնու՞մ է։ Պատասխանում է՝ սա ռիթմ է, որին սովորում են նաև ընտանիքի անդամները. «Չեմ կարող ասել, որ բոլորը գոհ են և երջանիկ»։

Վստահեցնում է՝ որոշումներ կայացնելու հարցում, երբ դրանք մարդկային հարաբերությունների դաշտում են, տալիս է ևս մեկ հնարավորություն. «Դժվար են այն որոշումները, որոնք բերելու են մարդկային հարաբերությունների խզման»։

Հարցրինք՝ նախարարը հասցնու՞մ է խոհանոցում լինել, ընտանիքի համար մի համով բան պատրաստել. «Խոհանոցն այն ուղղություններից է, որտեղ մեծ հավակնություններ չունեմ։ Իմ և խոհանոցի հարաբերությունները միջին մակարդակի են և ավելին չեն եղել»։

Նաև հետաքրքրվեցինք՝ երեխաների համար հե՞շտ, թե՞ դժվար է լինել հանրային դեմքերի երեխաներ, և նախարար լինելու հանգամանքը նրանց օգնու՞մ է, թե՞ խանգարում․

«Աղջիկներս ինքնուրույն մարդիկ են. փորձում եմ հաշվի նստել նրանց կարծիքի հետ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ կանայք շատ չբացահայտված կարողություններ ունեն. «Մեր պարտավորությունն է՝ այդ կարծրատիպային մոտեցումները հաղթահարել։ Աշխատանքում փորձում եմ համբերատար լինել։ Պետք է կարողանալ կառավարել աղմուկը. ձևը՝ աղմուկից դուրս գալն է։ Չեմ ներում անազնվությունը։ Կարիք ունեմ և սիրում եմ մենակ մնալ ու մտածել»։

Անդրեասյանի կարծիքով՝ մեզ պակասում է լսելու կարողությունը և համբերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում