Քաղաքական

Կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո։ ՀՀ կառավարությունը քննարկեց  «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ թե ՊՆ-ում, թե ԱԱԾ-ում կան համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք հանդիսանում են զինվորական ծառայության տեսակ։ Սակայն հիմա կստեղծվի պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն. «Հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, որոնք իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ արտաքին հետախուզության մեթոդներն էական փոփոխություններ են ապրում, և կարևոր է, որ Հայաստանը կարողանա արդի պայմաններին համահունչ զարգացնել իր կարողությունները. «Աշխարհում հետախուզական մեթոդները, բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ, ուստի, այս առումով, մենք որոշում ենք կայացրել ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»։