Վերլուծություն

Արցախի նախագահը փոխո՞ւմ է նախկին անիրատեսական քաղաքականությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը Արցախի ԱԺ պատգամավորների հետ բավականին անկեղծ էր: Նա սառը և իրատեսական գնահատականներ էր հնչեցնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Անդրադառնալով 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումից հրաժարվելու հնարավոր հետևանքներին, ԱՀ նախագահը շեշտել է. «Եկեք բոլորով հավաքվենք, ասենք` չենք ուզում, բայց հետևանքների մասին միասին պետք է պատասխան տանք, ասենք՝ մենք դեմ ենք, ոչինչ չենք անում, Բերձորից էլ դուրս չենք գալիս, խնդրեմ որոշենք։ Մեր երկրի ճակատագիրը շատ ավելի կարևոր է, քան էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալուն, եկեք ասենք`դեմ ենք, բայց իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները չեն պատասխան տալու, մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու դրա ծանր պտուղները»։

Իսկապես, որքան էլ եռակողմ հայտարարության դրույթները մեզ համար ցավալի լինեն, այնուամենայնիվ, դրանք պետք է իրագործվեն։ Իհարկե, կարելի է հրաժարվել այդ փաստաթղթից, սակայն հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել, քան պատկերացնում ենք։ Իզուր չէ, որ հայաստանյան ընդդիմությունն էլ իշխանություններին թեև մեղադրում է դավաճանական քայլերի մեջ, բայց որևէ ծպտուն չի հանում եռակողմ հայտարարությունը չեղարկելու մասին։ 

Ի վերջո, եռակողմ հայտարարությունն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ, անգամ մի առիթով նա ասել էր, թե այդ տեքստն ինքն է գրել։ Այնպես որ, փաստաթղթի դրույթները կատարելուց հրաժարվելը կամ դրույթների իրագործման տորպեդահարումը կընկալվի ոչ թե Ադրբեջանի դեմ ուղղված քայլ, այլ բացառապես ՌԴ-ի դեմ դեմարշ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 

Այնպես որ, Արայիկ Հարությունյանն այս հարցում իրատես է։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ Արցախից հնչում է իսկապես ադեկվատ տեսակետ՝ առանց կեղծ ռազմահայրենասիրական ճոռոմաբանության, առանց ոչմիթիզականության, առանց ծովից-ծով երազանքների: Միայն թե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի Արցախի իշխանություններն այս իրատեսությունը դրսևորեին մինչև 44-օրյա աղետալի պատերազմը, և իրենց այդ դիրքորոշմամբ նպաստեին բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ստեղծմանը, այլ ոչ թե որդեգրեին անզիջողական կեցվածք, իսկ արդեն պարտությունից հետո ստիպված լինեին ընդունել պարտադրված լուծումը։

Էլ ավելի ցանկալի կլիներ, եթե նման պրագմատիզմի ականատես լինեինք 1997-98թթ, երբ Արցախի խնդրի լուծման ռեալ հնարավորություն կար՝ առանց կորուստների, առանց այս տարիների զրկանքի, միաժամանակ թույլ տալով Հայաստանին զարգանալ։

Այսօր ունենք այն, ինչ ունենք։ Բայց միաժամանակ պետք է նկատենք, որ Արցախի նախագահն, ըստ էության, միայնակ է։ Ու անգամ աղետալի պատերազմից հետո ոչ միայն պատգամավորների, այլև Արցախի կառավարության անդամների մոտ շարունակվում է երազանքների հիման վրա առավելապաշտական մոտեցումների շքահանդեսը։ Այլապես, հազիվ թե պատգամավորներն Արցախի նախագահին հարց տային եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին՝ ընդգծելով, որ դա իրենց միակ հաղթաթուղթն է։

Բայց այդ անիրատեսականության շքահանդեսում «լավագույն» օրինակներից մեկն էլ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն է, որի հայտարարությունները, մեղմ ասած, հակաքաղաքագիտության ժանրից են, ճոռոմաբանության շարան, պաթոսի ու ցանկալին իրականության տեղ ներկայացնելու պաշտոնեական անթույլատրելի գործողություն։ Այս ամենին ուշադրություն կարելի էր չդարձնել, եթե նա չլիներ պետական պաշտոնյա, այն էլ՝ արտաքին քաղաքականության ոլորտի պատասխանատու (եթե իհարկե, դեռ մնացել է արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորություն)։