Միջազգային

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել են «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման և լրացուցիչ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Պետդեպարտամենտի խոսնակը նաև հայտնել է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերություններ պահպանելու հնարավորությունները», «ՆԱՏՕ-ի հետագա համակարգման և միասնության ուղիները՝ կապված Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի և Ուկրաինայի դեմ ագրեսիայի սպառնալիքի հետ»։ Բլինքենը նշել է ընդհանուր նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, բարձր է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներգրավվածությունն ի նպաստ խնդրի դիվանագիտական լուծման, նաև ասված է հաղորդագրությունում։