Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ քաղաքապետարանը բողոքարկելու է ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) վարձավճարներ սահմանելու՝ ավագանու որոշման վերաբերյալ դատարանի վճիռը։
Հիշեցնենք՝ դատարանը բեկանել էր ավագանու որոշումը։
Կոստանյանը նշել է, որ ավագանին այդ որոշումն ընդունել էր քաղաքի կենտրոնի բեռնաթափման համար. «Այո, այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որ կենտրոնում հնարավորինս քիչ կայանեն ու տարեկան փաթեթներ ձեռք չբերեն՝ հաշվի առնելով գինը։ Այդ տեսանկյունից որոշակի բեռնաթափում կա»,- ասել է նա։
Միաժամանակ, ըստ Կոստանյանի, երթևեկությանն ու խցանումներին նայելով՝ կարող է հակառակ տպավորություն ստեղծվել։
«Երբ կշատանան ավտոբուսների համար նախատեսված գծերը, կարմիր գծերի տարիֆների բարձրացման արդյունավետությունը տեսանելի կլինի»,- ասել է նա։