Երևան

«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝  երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ սպասարկում:
«Սիրելի երևանցիներ, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, այն մարդկանց, ովքեր մշտապես օգտվում են տրանսպորտից: Շնորհակալություն եմ հայտնում նրա համար, որ ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք, որովհետև, իրապես, այս նոր տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք և հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում: Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում, արվում է նրա համար, որ մենք շարունակաբար կարողանանք ձեզ տեղափոխել որակյալ տրանսպորտով: Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նաև վարորդներին՝ համբերատարության համար:  
***
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:  
***
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների ու տարբեր մետաղական ջարդոնների տեղափոխումը։ Անցած ժամանակահատվածում առանձին տարածքներ է տեղափոխվել 18 նմանատիպ տրանսպորտային միջոց: 
***
«Երքաղլույս» ընկերությունում տեղադրված կառավարման նոր համակարգը հնարավորություն է տալիս գրանցել արտաքին լուսավորության ցանցում առկա վթարները և խափանումները, կառավարել յուրաքանչյուր պահարան անհատապես, որը բացառելու է արտաքին լուսավորության ցանցի շղթայական անջատումը: Այս համակարգով նաև հնարավոր է կառավարել լուսավորության ուժգնությունը: 
***
Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված  տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու ծավալը հունվար ամսին սահմանային թույլատրելի ցուցանիշը գերացանցել է առավելագույնը 2,0 անգամ։
«Երևանի քաղաքապետարանի անելիքներն այս գործում չպետք է սահմանափակվեն միայն Երևանի քաղաքապետարանի լիազորություններով և, հետևապես, սա պետք է դառնա մեզ համար առաջնային խնդիրներից մեկը: Մենք մեծ քանակի օդի որակի չափման սարքեր ենք դրել և տեսել, որ տվյալ սեզոնին, տարբեր գործոններով պայմանավորված, մենք ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Այնուամենայնիվ, կան նաև մարդածին գործոններ, և այն, ինչը մեր գործընկերների հետ մենք կարող ենք իրականացնել, մենք այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք: Մենք նաև ընդհանրապես մեր կանաչապատման քաղաքականությունում պետք է էական փոփոխություններ իրականացնենք դեպի մշտադալար ծառատեսակներ, որոնք կանաչ են լինում նաև ձմռան ամիսներին և որոշակիորեն իրենց մասնաբաժինն ունեն  օդի որակի բարելավման առումով»,- ընդգծել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական