Դեկտեմբերի 3-ին ամփոփվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: Օրեր շարունակ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետարանի աջակությամբ մի քանի ծրագրեր իրագործեց:
Նոյեմբերի 28-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում փառատոնի բացումն ու «Առաջին քայլեր» համերգն էր: Նոյեմբերի 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում մասնակիցները թատերական ներկայացմամբ հանդես եկան, նոյեմբերի 30-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվեց գրական օր. ասմունք, բանաստեղծությունների ընթերցումներ, ժամանցային ծրագիր՝ մասնակիցների համար:
Դեկտեմբերի 1-ին «ԼուսԷ» հիմնադրամում էլ հաջորդ հանդիպումն էր, որը սեմինարներով, բազմաբովանդակ քննարկումներով և վարպետաց դասերով անցկացվեց: Արդեն դեկտեմբերի 3-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գալահամերգն էր, որին փառատոնի մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ արտիստների հետ կատարումներով:
Համերգային ծրագրերը, ներկայացումները, կոնֆերանսը, ցուցահանդեսը և մնացյալ բոլոր միջոցառումները նպատակ ունեին համախմբելու պատանի երաժիշտներին, մասնագետներին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին: Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները՝ Երևանի քաղապետարանը շարունակական ծրագրեր է իրագործում՝ Երևանն առավել մատչելի և ներառական դարձնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։