Երևան

Որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ավտոբուսի վարորդների գործադուլին, ովքեր այսօր առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել էին դուրս գալ երթուղիներ։

«Ինչո՞ւ ենք մատնանշում, որ սա շանտաժի մեթոդ է, որովհետև բոլոր թեմաներով, որոնցով խնդիրներ են բարձրաձայնվում, իրականացվում են աշխատանքներ։ Որոշ խնդիրներ առհասարակ լուծվել են, որոշները լուծման ընթացքում են։ Կա շատ կարևոր փոփոխություն, որը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ից՝ այլևս կանխիկ գործարք ավտոբուսում տեղի չի ունենում։ Սրանով է այս ամենը պայմանավորված»,- նշել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ այսօր բացեիբաց որոշ վարորդներ ընդունում են, որ օրական որոշակի չափով գումար էին աշխատում․ «Անկեղծ ասած՝ մի փոքր նվազ էին ասում գումարը։ Մեր հավաքագրումների տենդենցը հաշվարկելով՝ տեսնում ենք, որ այդ գումարի տարբերությունը բավականին մեծ է»։

Քաղաքապետը նշել է, որ խոստացել էին արտաժամյա աշխատանքային հարցերն օրենսդրության համապատասխան լուծել։ 1-2 օր հետո վարորդներն արտաժամյա գումարները պետք է ստանային։ Նա ընդգծել է, որ բոլոր վարորդներն ունեն առողջապահական ապահովագրություն, աշխատակիցների նկատմամբ հոգատարության ընդհանուր սկզբունքը փորձում են պահպանել, և եթե կան խնդիրներ, երբևէ որևէ հարց անարձագանք չեն թողել։

«Ցավով եմ նշում, որ 32 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այն ընդդիմադիրները, որոնք ուղղորդում էին այս գործընթացը, հասկանո՞ւմ են, որ այս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին։ Որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի։ Սա հենց այդ դեպքն էր»,- ասել է քաղաքապետը։