Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժում բացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անկյունը: Ցուցադրված են հնագիտական երեք նմուշներ՝ գտնված Երևանի ուրարտական դամբարանից և Նոր Արմավիրից: Դրանք թվագրվում են ուշ ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանին: Անկյունում առանձնահատուկ տեղ է գտել Էրեբունի-Երևանի քարե անձնագրերից մեկը համարվող սեպագիր արձանագրությունը:
Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգի Պետական էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտովսկին, բարձրաստիճան պետական այրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Կան այդպիսի չորս արձանագրություններ, և դրանցից մեկն այժմ ցուցադրվում է «Էրմիտաժում»: Չափազանց կարևոր է ցույց տալ, որ հենց Էրեբունուց է սկսվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը»,-նշում է թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Անկյունը կպահպանվի առնվազն մեկ տարի։
Ի դեպ, «Էրեբունին» միակ թանգարանն է աշխարհում, որն առանձին անկյուն ունի համաշխարհային նշանակության մշակութային այս հաստատությունում։
Այս տարի «Էրեբունի» թանգարանում էլ կբացվի Էրմիտաժի անկյունը: Բացի այդ, հանդիպումների ընթացքում երկու թանգարանի տնօրենները պայմանավորվածություն են ձեռք բերել Կարմիր բլուրում հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբ ձևավորել և վերականգնել փոխշփման երբեմնի հարուստ ավանդույթները: