Երևան

Քաղաքապետարանն առաջիկայում կգործարկի բջջային նոր հավելված՝ քաղաքացիների բողոքներն ընդունելու համար

Երևանի բնակիչներն առաջիկայում իրենց «Թեժ գծի» բովանդակությամբ հարցերը, բողոքներն ու խնդիրները կկարողանան քաղաքապետարան ուղղել առցանց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հատուկ այդ նպատակով մշակվում է բջջային նոր հավելված: 
***
Սեպտեմբերից ուժի մեջ մտած ավագանու որոշմամբ Երևանում շինհրապարակները պետք է պարտադիր կահավորվեն փոշեկլանիչ ցանցերով: Կառուցվող 213 բազմաբնակարան բնակելի շենքերից միայն  11-ում է շինհրապարակը պատշաճ ձևավորված:

Սեպտեմբերից մինչ օրս 257 արձանագրություն է կազմվել: Զուգահեռաբար մշակվում է օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որը կնախատեսի ավելի մեծ տուգանք:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչ այդ խստացնել հսկողությունը: 
*** 
Տնտեսվարողների հետ բանակցություններից հետո սեփական ուժերով ապամոնտաժվել է ապօրինի 6 բենզալցակայան: Աշխատանքները շարունակական են: 
«Բենզալցակայանները, որոնք կառուցվել և շահագործվում են ապօրինի, վտանգ են ներկայացնում հարակից շենքերի համար: Այս աշխատանքներն իրականում վաղուց պետք է արվեին, բայց կարևոր է, որ արդեն իսկ իրականացվում են: Պետք է  մինչև վերջ ավարտին հասցնենք այս գործընթացը» ,-նշել է քաղաքապետը 
*** 
Տնկարանային տնտեսությունը շուրջ 30 հեկտարով ընդլայնելու նպատակով առանձնացված տարածքը ցանկապատվում է: Մինչև տարեվերջ աշխատանքները կավարատվեն: 
Տնկարանային բաց հատվածում կաթիլային ոռոգում ապահովելու նպատակով շուրջ 3000 տոննա ջրի համար նախատեսված ջրամբար կկառուցվի: Հողային աշխատանքներն ավարտվել են, մեկնարկում է պոմպակայանի կառուցումը:
***
Մինչև տարեվերջ կավարտվի «Մինաս Ավետիսյան» պուրակի շինարարությունը, նաև «Տորք Անգեղի» արձանի հարակից տարածքի բարեկարգման առաջին փուլը:
***
Սեյսմիկ ուսումնասիրություններ են արվում Արցախի 8/2, 8/3 շենքերում: Քննարկման փուլում է Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի բնակիչների վերաբնակեցումը:

«Նախորդ շաբաթ մենք հանձնեցինք բնակարանների գնման վկայականներ Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին: Սա իրապես շատ կարևոր ծրագիր է, չնայած Երևան քաղաքը փաստացի պարտավորություն չունի: Այնուամենայնիվ, երևանցիների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի ծրագիրը սկսել էինք Արցախի պողոտայից շուտ: Այս քննարկումներն ու բանակցությունները բնակիչների հետ չեն կարող անվերջ լինել: Պայմանները, որոնք առաջարկվում են, էականորեն բարելավվող են: Եթե խնդիր ունենք և բնակիչները չեն համաձայնում, եկեք անցնենք մյուս 4-րդ կարգի վթարային շենքերին, որտեղ բնակիչներն ուզում են իրենց խնդիրն ավելի շուտ լուծել»,-նշել է Տիգրան Ավինյանը: 
*** 
Երևանում այս պահին գույքագրվել է 6758 ինքնակամ՝ առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակ ու պաստառ: Նախորդ երկու շաբաթում ապամոնտաժվել է 414-ը,  1114 տնտեսվարող էլ ծանուցվել է մինչև տարեվերջ արտաքին գովազդը նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:

Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ գույքագրման գործընթացն ավելի արդյունավետ կդառնա, երբ քաղաքապետարանը կունենա GIS քարտեզներ: