Միջազգային

Աստղագետը չի բացառել աստերոիդը բախումը Երկրին

Աստղագետը չի բացառել աստերոիդը բախումը Երկրին

Չորեքշաբթի օրը հայտնաբերված CE2XZW2 աստերոիդը մեծ հավանականությամբ կարող է բախվել Երկրին, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի ԳԱԱ Կիրառական աստղագիտության ինստիտուտի (ԻՊԱ ՌԱՆ) ավագ գիտաշխատող Նիկոլայ Ժելեզնյովը։

«Նոմինալ ուղեծիրը Երկրի կենտրոնից մոտ 3 հազար կիլոմետր է։ Սա նշանակում է, որ բախվելու հավանականությունը մեծ է։ Սակայն պետք է հասկանալ, որ խոսքը բախման որոշակի հավանականության մասին է, թեկուզև բավականին մեծ»,- ասել է Ժելեզնյովը։

Նա նշել է, որ առայժմ բավարար տվյալներ չկան՝ հասկանալու համար, թե երբ կարող է տեղի ունենալ բախումը․ հնարավոր է նույնիսկ, որ դա տեղի ունենա արդեն այսօր։

Միևնույն ժամանակ՝ աստղագետը նշել է, որ նորահայտ աստերոիդների ուղեծրերը սկզբում հայտնի են բավականին անճշտորեն։ Դիտարկումների շարունակման ընթացքում ճշգրտությունը բարձրանում է, և հնարավոր է, որ Երկիրն ընդհանրապես դուրս գա այն տարածքից, որտեղ կանխատեսվում է աստերոիդի վայրէջքը։

Ժելեզնյովը հիշեցրել է, որ առաջին դեպքը, երբ աստերոիդը հայտնաբերվել էր Երկիր ընկնելուց ընդամենը մեկ օր առաջ, տեղի էր ունեցել 2008 թվականին։ Իսկ Չելյաբինսկի մետեորիտը, որը չափերով համեմատելի է այս աստերոիդի հետ, 2013 թվականին չէր նկատվել, քանի որ շարժվում էր Արեգակի կողմից։

CE2XZW2-ի չափերն աստղագետը գնահատել է մոտավորապես 20 մետր։ Նրա խոսքով՝ նման մարմինները երաշխավորված կերպով պայթում են Երկրի մթնոլորտում։ Հետևաբար, նույնիսկ եթե աստերոիդը մտնի Երկրի մթնոլորտ, ապա մոլորակի մակերևույթ կհասնեն միայն փոքր բեկորներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական