Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հրապարակել «Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա» կապակցությամբ։
«Թուրքիան մինչ այժմ Գազա է մատակարարել ավելի քան 101 հազար տոննա մարդասիրական օգնություն, աջակցել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների գործակալությանը և իրականացրել է մարդասիրական մոբիլիզացում՝ ավելի քան 40 միլիոն դոլարի չափով։ Մարդասիրական օգնության համաշխարհային օրը մեր առջև կանգնած է դառը իրողություն՝ ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է ամենահիմնական մարդասիրական կարիքներից»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ այս պատկերը ցնցում է մարդկության խիղճը և պատասխանատվության կոչ է ուղղում ամբողջ աշխարհին։
Նա ընդգծել է, որ մարդասիրական օգնությունը խղճի խնդիր է, որը դուրս է քաղաքական ազդեցություններից։ Նա հավելել է, որ իր մարդասիրական դիվանագիտության մոտեցման շնորհիվ Թուրքիան համարվում է աշխարհում ամենաշռայլ երկրներից մեկը՝ համեմատած ազգային համախառն եկամուտի հետ։
«Թուրքիան օգնության ձեռքն է մեկնում բոլոր կարիքավորներին՝ անկախ նրանց ազգությունից և դավանանքից, ինչը մեր վճռականության ամենապայծառ դրսևորումն է՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը և հետևելու խղճի ձայնին։ Չնայած համաշխարհային ճգնաժամերին, աշխարհում առկա աշխարհաքաղաքական լարվածություններին ու հակամարտություններին, որոնք բարդացնում են մարդասիրական գործունեությունը, մենք երբեք չենք հրաժարվի այս ջանքերից՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Մենք կկառուցենք ավելի արդար աշխարհ, որի կենտրոնում կլինեն մարդը և մարդասիրական արժեքները»,- շարունակում է նախագահը իր հրապարակման մեջ։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի փակելու իր դռները մարդկանց, մարդկության առաջ։
«Օգնություն ցուցաբերել ճնշվածներին, որբերին, անօգնականներին, կարիքավորներին, հենարան լինել նրանց, ովքեր մնացել են առանց աջակցության՝ սա իրականում մեր կրոնի պատգամն է։ Երջանիկ են նրանք, ովքեր իրենց սրտում առանց խտրության տեղ են գտնում ճնշվածների և կարիքավորների համար»,- ամփոփել է Էրդողանը։