Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառիկ հարցազրույց է տվել TF1-LCI հեռուստաալիքին, որտեղ խոսել է Պուտին-Զելենսկի հանդիպման մասին։
Ըստ նախագահի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման հիմնական կետերից մեկն այն էր, որ Վլադիմիր Պուտինը, ով գագաթնաժողովի ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու պատրաստակամության մասին:
Նշենք, որ սա կլինի առաջին հանդիպումը 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական ներխուժումից հետո։
«Մենք որոշել ենք երկկողմ հանդիպում անցկացնել երկու նախագահների միջև, այնուհետև եռակողմ (Դոնալդ Թրամփի հետ- խմբ.), իսկ հետո բազմակողմ հանդիպում, որտեղ եվրոպացիներն անպայման պետք է ներկա գտնվեն բանակցությունների սեղանին»,- ասել է Էմանուել Մակրոնը։
Ըստ նրա՝ նման հանդիպում կարող էր տեղի ունենալ Եվրոպայում։
«Դա ավելին է, քան վարկած, դա հավաքական կամք է»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ այն կկազմակերպվի ոչ թե Ֆրանսիայում, ինչպես 2019 թվականին Զելենսկու և Պուտինի հանդիպման ժամանակ, այլ չեզոք երկրում։
«Հնարավոր է՝ Շվեյցարիայում, ես հանդես եմ գալիս Ժնևի օգտին», - ընդգծել է նա: