Միջազգային

«Միջանցքը» փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով․ Իրանի կառավարության խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության նվազեցմանը և կայուն կայունության ստեղծմանը, ասել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին, գրում է Mehr գործակալությունը։

«Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա», - ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ երկրների լիակատար ինքնիշխանության պահպանումը իրենց տարածքների նկատմամբ, բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության նկատմամբ վճռական դիմադրությունը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի վերջին համատեղ հայտարարությունը հաշվի է առել այդ սկզբունքները։

Մոհաջերանին ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի վերացումն էր։

«Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով», - ասել նա՝ փոփոխությունը որակելով որպես «դրական և ողջամիտ», քանի որ այն և՛ պաշտպանում է ինքնիշխանությունը, և՛ թույլ է տալիս տնտեսական համագործակցություն։

Այնուամենայնիվ, խոսնակը զգուշացրել է, որ տարածաշրջանից դուրս ուժերի կամ խաղացողների մուտքը Կովկասի հավասարումների մեջ կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ խաղաղության և կայունության համար։

Մոհաջերանին ասել է, որ Իրանը պատրաստ է գործել որպես «պատասխանատու հարևան և հուսալի գործընկեր», եթե համաձայնագիրը պաշտպանի ինքնիշխանությունը, կայունությունը և տարածաշրջանային համագործակցությունը։