Միջազգային

Ադրբեջանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի միջև, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված նվաճումների կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև գործընկերային հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության կառավարական հանձնաժողովի աշխատանքը մեծ նշանակություն ունի համագործակցության զարգացման տեսանկյունից։ Իր հերթին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության համար։