Միջազգային

Մեդուզաների հարձակումը ստիպել է դադարեցնել խոշոր ատոմակայանի աշխատանքը

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Gravelines» ատոմակայանը ստիպված է եղել ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը, երբ մեդուզաների զանգվածային և անսպասելի կուտակումները արգելափակել են ջրի մուտքի համակարգեր, որոնք օգտագործվում են ռեակտորների սառեցման համար։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Ֆրանսիական պետական էներգետիկ ընկերության՝ EDF-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան, երբ մեդուզաները փակել են ջրի մղման կայանների զտիչները։ Արդյունքում երեք ռեակտոր ավտոմատ կերպով անջատվել է, իսկ չորրորդ ռեակտորի կանգից հետո ամբողջ կայանը հանվել է ցանցից։

«Gravelines»-ը Ֆրանսիայի խոշորագույն ատոմակայաններից մեկն է և կարող է էլեկտրականություն մատակարարել մոտ հինգ միլիոն բնակարանի։ Միջադեպի պահին կայանի մյուս երկու ռեակտորներն արդեն անջատված էին՝ պլանային ամառային սպասարկման շրջանակում։

EDF-ն ընդգծել է, որ միջադեպը չի ազդել կայանի, անձնակազմի կամ շրջակա միջավայրի անվտանգության վրա, և էլեկտրաէներգիայի արտահանումը Միացյալ Թագավորություն չի խաթարվել։