Միջազգային

Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել հանդիպման վայրի վերաբերյալ

ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպման վայրի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ ավելի ուշ կմեկնաբանի այդ տեղեկատվությունը։

Ուշակովը հայտնել է նաև, որ Ուիթքոֆը բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։

«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպման տարբերակին, որի մասին երեկ, չգիտես ինչու, խոսել են Վաշինգտոնում, այդ տարբերակը պարզապես հիշատակվել է ամերիկյան ներկայացուցչի կողմից։ Բայց այն չի քննարկվել։ Ռուսական կողմն այդ տարբերակը թողել է առանց մեկնաբանության», - ընդգծել է Ուշակովը։ 

Ըստ նրա՝ ռուսական կողմն առաջարկում է ամբողջությամբ կենտրոնանալ երկկողմ հանդիպման կազմակերպման վրա։ 

«Մենք առաջարկում ենք, նախևառաջ, կենտրոնանալ Թրամփի հետ երկկողմ հանդիպումը նախապատրաստելու վրա, և կարծում ենք, որ գլխավորն այն է, որ այս հանդիպումը լինի հաջող և արդյունավետ», - հավելել է նա։