Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի հրապարակած իր ծավալուն հոդվածում խիստ քննադատել է ԵԱՀԿ-ի (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) աշխատանքը՝ նշելով, որ կազմակերպությունը կորցրել է իր իրական նշանակությունը և այլևս չի կարող ապահովել համաեվրոպական անվտանգությունը:
Լավրովը հիշեցրել է, որ 1975 թվականին ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը պետք է հիմք դներ խաղաղության և համագործակցության նոր դարաշրջանի համար, դարձել է անարդյունավետ․
«Արևմուտքը երբեք լրջորեն չէր վերաբերում ստանձնած պարտավորություններին․ այսօր մենք տեսնում ենք, որ այդ փաստաթղթերը մնացին միայն թղթի վրա», - գրել է նա։
Նախարարն ընդգծել է, որ տարիների ընթացքում ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքները՝ սահմանների անքակտելիությունը և անվտանգության անբաժանելիությունը, խախտվել են, իսկ կազմակերպությունը վերածվել է քաղաքական ճնշման և Ռուսաստանի դեմ քարոզչության հարթակի։
Լավրովը անդրադարձել է նաև Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը՝ մեղադրելով կողմնակալության և Կիևի գործողությունները ծածկելու մեջ։
Նրա խոսքով՝ Արևմուտքը օգտագործում է ԵԱՀԿ-ն՝ առանց այլ երկրների շահերը հաշվի առնելու, և վերջնականապես խաթարել է կառույցի ներսում կոնսենսուսի կանոնը.
«Այսօր ԵԱՀԿ-ն դարձել է գործիք Արևմուտքի ձեռքում։ Եթե այս մոտեցումը շարունակվի, կազմակերպությունը ապագա չի ունենա»։
Լավրովը նշել է, որ ներկայիս իրավիճակում անվտանգության և համագործակցության արդյունավետ մոդելը հնարավոր է կառուցել այլ ձևաչափերով՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կենտրոնանում է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և նման հարթակների վրա։
Այս հոդվածով նախարարը փաստացի հայտարարում է, որ ԵԱՀԿ-ն իրեն սպառել է և այլևս չի կարող ապահովել այն նպատակները, որոնց համար ստեղծվել էր։