Ղազախստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջուլի Սթաֆթը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսության և ազգային անվտանգության համար կարևոր համարվող օգտակար հանածոների գրեթե կեսը առկա է Ղազախստանի տարածքում։
Այս մասին նա հայտարարել է Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ։ Լսումների ժամանակ Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսը նշել է, որ Ղազախստանը հարուստ է բնական պաշարներով, որոնք կարևոր են ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության համար, ինչպիսիք են ուրանը, լիթիումը, պղինձը, ցինկը և հազվագյուտ հողային տարրերը: Այդ կապակցությամբ սենատորը հարցրել է Ջուլի Ստաֆթին՝ եթե հաստատվի նրա թեկնածությունը, ինչպե՞ս նա կարող է նպաստել Ղազախստանում ամերիկյան ներդրումների ներգրավմանը։
«Ղազախստանը մեզ համար կարևոր է ոչ միայն որպես բիզնես գործընկեր, այլև՝ արժեքավոր օգտակար հանածոների ոլորտում: Դա միայն առևտրային քաղաքականության հարց չէ, դա ազգային անվտանգության խնդիր է: Իմ խնդիրն է՝ ամերիկյան ընկերություններին պայմաններ ապահովել այս ոլորտում Ղազախստանում ներդրումներ կատարելու համար», - պատասխանել է Ջուլի Սթաֆթը։
Հաղորդվում է, որ Ջուլի Սթաֆթի թեկնածությունը Ղազախստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ուղարկվել է Սենատ:
Ջուլի Սթաֆթը նախկինում աշխատել է Մոլդովայում, Ջիբութիում, Ռուսաստանում, Եթովպիայում և Լեհաստանում ԱՄՆ դեսպանատներում: Նա նաև զբաղեցրել է վիզային ծառայությունների գծով գործադիր տնօրենի պաշտոնը և ղեկավար պաշտոն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում։