Այս տարվա օգոստոսի 1-ից կսկսվի ադրբեջանական բնական գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի տարածքով անցնող Քիլիս խողովակաշարով։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Սիրիայի վերակառուցման գործում կարևոր քայլ համարվող նոր էներգետիկ խողովակաշարը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի 1-ին։ Ադրբեջանից բնական գազը Սիրիա կհասցվի Քիլիս խողովակաշարով՝ Թուրքիայի տարածքով։ Այս նախագիծը նպատակ ունի նպաստել Սիրիայի վնասված էլեկտրական ենթակառուցվածքների վերականգնմանը և ամրապնդել Թուրքիայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ SOCAR-ի և Սիրիայի միջև վերջերս ստորագրված փաստաթղթի համաձայն՝ բնական գազի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Առաջին փուլում նախատեսվում է տարեկան Սիրիա ուղարկել 1,2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Գազը կանցնի Թուրքիայի սահմանին գտնվող Քիլիս քաղաքով և կհասնի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններ, որտեղ կօգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Դրա շնորհիվ նախատեսվում է մոտավորապես 1200-1300 մեգավատ արտադրական հզորություն։