Միջազգային

Պուտինի և Թրամփի միջև վերջին զրույցը պրագմատիկ գործնական երկխոսություն էր․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է արագ շարժվել դեպի Ուկրաինայում կարգավորման իր նպատակները, սակայն այս գործընթացի արագությունը կախված է ոչ միայն Մոսկվայից։ Այդ մասին «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինայում կարգավորումը երկար և դժվար գործընթաց է, Վաշինգտոնը ավելի ու ավելի է հասկանում դա »,- ասել է նա։

Խոսելով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին՝ Պեսկովն ասել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է մեծ աշխատանքի արդյունքները գրանցելու համար․

«Սակայն այս աշխատանքը դեռ առջևում է։ Պուտինի և Թրամփի միջև վերջին զրույցը պրագմատիկ գործնական երկխոսություն էր այն մարդկանց միջև, ովքեր իրենց դիրքորոշմանը հավատարիմ են, բայց պատրաստ են լսել միմյանց։ Հնարավոր է, որ Պուտինը և Թրամփը անձնական հանդիպման ժամանակ «խոշոր համաձայնություններ» արձանագրեն, ինչը մեծ աշխատանքի արդյունք կլինի, սակայն այս ժամանակը դեռ չի եկել»,- ասել է նա։