Բանգկոկի կենտրոնում գործող բուդդայական տաճարից բարձրաստիճան վանականի անհետացման հետևանքով սեռական սկանդալ է հասունացել, որը Թաիլանդում գնալով մեծ թափ է հավաքում. գրում է The Guardian-ը։
Գործի շրջանակում իրավապահները բացահայտել են մի կնոջ, ով, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, սերտ հարաբերություններ է ունեցել մի շարք վանականների հետ, ապա նրանց շանտաժի ենթարկել։
Հետաքննության կենտրոնում է հայտնվել բարձրաստիճան վանական Փրա Թեփ Վաչիրափամոկը։ Նա դուրս է եկել տաճարից և այդպես էլ չի վերադարձել։ Նրա անհետացման գործի շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է Վիլավան Էմսավատ անունով կնոջ, որին մեղադրում են շորթման, փողերի լվացման և գողացված գույք ընդունելու համար։
Վիլավանի տանը կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, որոնք պարունակել են բարձրաստիճան վանականների հետ հազարավոր լուսանկարներ և տեսանյութեր։ Բացի այդ, ֆինանսական հետաքննությունը բացահայտել է կապեր մի շարք տաճարների հետ։
Վիլավանը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։ Նա խոստովանել է միայն երկու վանականի և կրոնական գիտնականի հետ հարաբերությունների փաստը։ Նա նաև հայտնել է, որ որպես նվեր ստացել է Mercedes-Benz SLK200 մոդելի ավտոմեքենա և զգալի գումար։
Ոստիկանության տվյալներով՝ վերջին 3 տարում Վիլավանի հաշվեհամարներում գրանցվել է մոտ 11.9 միլիոն դոլարի մուտք։ Իր հերթին Վիլավանը հայտնել է, որ այդ գումարի մի մասը փոխանցել է մեկ այլ վանականի, որի հետ ունեցել է հարաբերություններ։
Սա բուդդայական հոգևորականության մասնակցությամբ ամենամեծ սկանդալներից է։ Դրա պատճառով 9 բարձրաստիճան վանական արդեն պաշտոնանկ է արվել։ Նրանցից մեկի նկատմամբ ներկայացվել է մեղադրանք տաճարի միջոցների յուրացման և պաշտոնեական չարաշահման հոդվածներով։ Նա ընդունել է, որ գումար է վերցրել տաճարից՝ հայտարարելով, թե աջակցել է Վիլավանին բիզնես նախաձեռնության համար։