Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Վրաստանի մաքսային գործընթացներում հայկական բեռների հնարավոր արհեստական ձգձգումները՝ նշելով, որ դա հակասում է հայ-վրացական դարավոր բարեկամության ոգուն։
«Վրաստանը պետք է լինի գործընկեր, ոչ թե ճնշման գործիք։ Այսպիսի գործողությունները խաթարում են տարածաշրջանի վստահությունն ու տնտեսական կայունությունը, և դա պետք է անհապաղ դադարեցվի», – գրել է Զուրաբիշվիլին իր «X» սոցիալական հարթակում։
Ի պատասխան՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք որակելով «կեղծիք»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մաքսային բոլոր ընթացակարգերը կատարվում են ուժեղացված ռեժիմով, և բեռների ազատ տեղաշարժն ապահովվում է շուրջօրյա ռեժիմով։
Ծառայությունը հայտնել է, որ սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը։ Հաղորդագրության համաձայն՝ Կազբեգի անցակետում եղել են կարճաժամկետ և ոչ էական ուշացումներ, սակայն դրանք արագ վերացվել են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարվա ընթացքում Կազբեգի անցակետով մաքսային ընթացակարգերի է ենթարկվել մոտ 364.670 բեռնատար։
Եկամուտների ծառայությունը հորդորել է չտարածել չստուգված կամ ապատեղեկատվություն պարունակող լուրեր։