Միջազգային

Լավրովը ժամանել է Չինաստան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ռուսական դիվանագիտության ղեկավարը Պեկին է մեկնել ԿԺԴՀ-ից, որտեղ նա եռօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վոնսան քաղաքում։ Մինչ այդ նախարարը հուլիսի 10-ից 11-ը մասնակցել էր Կուալա Լումպուրում կայացած ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ՇՀԿ նիստը տեղի կունենա Տյանցզինում հուլիսի 14-15-ը։ Նախարարական հանդիպումը կարևոր փուլ կլինի կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման գործում, որը տեղի կունենա չինական նույն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը։ Դիվանագետի խոսքով՝ Լավրովը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է նախատեսել միջոցառման շրջանակներում։

Զախարովան նշել է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել ՇՀԿ գործունեության ներկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային և տարածաշրջանային արդիական օրակարգին, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և ՄԱԿ-ի կազմավորման 80-ամյակին։